Ազնավուրին և Ավրորային նվիրված կոմիքս գրքեր են ստեղծվել

07-12-2019 22:14

Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրին և Ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանին նվիրված մանկական կոմիքս գրքեր են ստեղծվել: «Շառլ» և «Ավրորա» գրքերի շնորհանդեսը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, ժամը 17:00 Գրանդ հոթել Երևան հյուրանոցում: «Շառլ» փոքրիկ գիրքը պատմում է ֆրանսահայ անվանի արտիստ Շառլ Ազնավուրի մասին: Այս գրքի գաղափարը ծնվեց դեռ նախորդ տարի, երբ Նիկոլա և Քրիստինա Ազնավուրները Դիլիջանի ձմեռային տոնավաճառում ծանոթացան «Իմ փոքրիկ գիրքը» շարքի առաջին գրքերին: Հանդիպումից ու նրանց արձագանքից ոգեշնչված՝ մեր թիմը շուրջ մեկ տարի աշխատեց այս գրքի վրա և՝ համագործակցելով «Ազնավուր» հիմնադրամի հետ, ունեցավ ցանկալի արդյունք: Գրքում պատկերված են դրվագներ երգչի մանկությունից. այն մասին, թե ինչպես նա ընդունվեց մանկապատանեկան թատրոն, ինչպես նաև տեսարաններ ֆիլմերի նկարահանումներից և Էդիթ Պիաֆի հետ հանդիպումը, որը շրջադարձային եղավ Ազնավուրի կյանքում: Փոքրիկ ընթերցողը կճանաչի Շառլին որպես փոքրիկ տղա, որը կարողացավ հաղթահարել բազում դժվարություններ ու դարձավ հանրահայտ արտիստ և մեծ բարերար: «Ավրորա» փոքրիկ գիրքն էլ ցեղասպանությունը վերապրած Արշալույս Մարդիգանյանի մասին է, ում վիճակված էր դառնալ Հոլիվուդյան համր կինոյի առաջին հայազգի կինոաստղը: Ավրորայի ճակատագիրը հեշտ չէր, ու գրքի հեղինակներն էլ չեն խուսափում փոքրիկ ընթերցողիհ հետ՝ մատչելի լեզվով, խոսել կորուստի ու դժվարությունների մասին: Փոքրիկ ընթերցողին գրքի հերոսները կոգեշնչեն հենց այդ դժվարությունները  հաղթահարելու իրենց խիզախությամբ ու անկոտրում կամքով: Նշենք, որ 2018-ի դեկտեմբերին հայաստանյան կոմիքս արտադրող «Էյջ Ուայ փիքչըրս» ընկերությունը ներկայացավ ամենափոքրիկ ընթերցողների համար նախատեսված կոմիքս գրքերի նոր շարքով: «Իմ փոքրիկ գիրքը» շարքը նախատեսված է 3+ տարիքի ընթերցողների համար: Գունագեղ պատկերապատումների միջոցով փոքրիկ ընթերցողները ճանաչում են հայ մեծերին: Առաջին երկու փոքրիկ գրքերն էին «Լուսինեն» և «Վիկտորը», որոնք պատմում էին հայ հոգևոր երգի ամենահայտնի երգչուհու՝ Լուսինե Զաքարյանի, և աստղագետ, աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի մասին: Այս տարի շարքը համալրվեց ևս երկու գրքով: Եվ այդպիսով, դեկտեմբերի 8-ին փոքրիկ ընթերցողի դատին կհանձնվեն «Շառլ» և «Ավրորա» փոքրիկ գրքերը: 

Lragir.am,
07-12-2019 22:14