Բաքվի առաջարկը չանցավ. Հայաստանը հրաժարվեց

Բրատիսլավայում ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով գերիների փոխանակությունից: Դա Բաքվի միակ եզրահանգումն էր հանդիպումից, եւ դա կարող է նշանակել, որ Ադրբեջանը Բրատիսլավայում մի նպատակ ուներ՝ հասնել իր դիվերսանտների ազատ արձակմանը, որոնք իրենց պատիժն են կրում Արցախում: Ըստ ամենայնի, դա Բրատիսլավայում համատեղ հայտարարություն ստորագրելու Ադրբեջանի պայմանն էր: Հանդիպումից մի քանի օր առաջ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում հայտարարել է, որ հույս ունի, որ հնգակողմ հայտարարություն է ստորագրվելու: Այսինքն, Հայաստանը, Ադրբեջանը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պատրաստվել էին ընդհանուր հայտարարություն ստորագրել: Այդ հայտարարությունում, ըստ երեւույթին, պետք է վերակենդանացվեին «մադրիդյան սկզբունքները»: Հանդիպումից հետո համանախագահներն առանձին հայտարարություն են արել, որում նշված է, որ «արդար ու տեւական կարգավորումը պետք է հիմնվի, մասնավորապես, Հելսինկիի եզրափակիչ ակտի վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, տարածքային ամբողջականություն, ինչպես նաեւ հավասար իրավունքներ ու ժողովուրդների ինքնորոշում»: Բրատիսլավայից մեկ օր առաջ Ադրբեջանը պաշտոնապես հրաժարվել է ինքնորոշման սկզբունքի քննարկումից՝ հայտարարելով, որ Ղարաբաղի ինքնորոշումը հնարավոր է միայն «Ադրբեջանի սահմանադրության եւ տարածքային ամբողջականության շրջանակում»: Ի պատասխան, Հայաստանի արտաքին գործերի նախարարը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում ասել է, որ Հայաստանը թույլ չի տա սահմանափակել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: «Առանց սահմանափակման» եզրը պարզորոշ մատնանշում է Արցախի ժողովրդի իրավունքն՝ ունենալ և որոշել իր կարգավիճակը՝ Ադրբեջանի իրավասությունից, ինքնիշխանությունից և տարածքային ամբողջականությունից դուրս: Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի նկատմամբ իրավասության պահանջը ոչ լեգիտիմ է և անհնար», – ասել է Զոհրաբ Մնացականյանը: Մամեդյարովի նյարդային հայտարարությունը, որ Հայաստանը հրաժարվել է գերիների փոխանակությունից, նշանակում է, որ Բաքուն փորձել է Լավրովի միջոցով Հայաստանի հետ առեւտրի մեջ մտնել եւ հասնել իր մարդասպանների ազատ արձակմանը: Ադրբեջանը պատրաստ էր հնգակողմ հայտարարություն ստորագրել Բրատիսլավայում, որից հետո կարող էր հրաժարվել, ինչպես հրաժարվել է այլ պայմանավորվածություններից: Հայկական կողմը հրաժարվել է հանձնել դիվերսանտներին, ցույց է տվել Ադրբեջանի իսկական նպատակները բանակցային գործընթացում եւ հստակ ընդգծել է, որ Արցախի ինքնորոշումը չի ենթադրում Ադրբեջանի իրավազորությունը:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան
08-12-2019 21:35