Երևանի շոկոլադի գործարանը շեշտակիորեն ավելացնում է արտահանման ծավալները

09-12-2019 14:01

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այցելել է Երևանի շոկոլադի գործարան՝ ծանոթանալու ընկերության ծրագրերին և արտադրական գործընթացին: Հիմնադիր Սոս Սահակյանը նախարարի հետ զրույցում նշել է, որ ընկերության երկու ապրանքանիշերը դիրքավորվում են բարձրորակ բրենդային շոկոլադի արտադրման և իրացման ոլորտում: Նա ներկայացրել է  գործարանի 2019 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների տնտեսական գործունեության արդյունքները․ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ իրացման ծավալներն ավելացել են 37%-ով, արտահանումը՝ 141%-ով: Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ տարին կամփոփվի շուրջ 2,4  մլրդ դրամի արտադրանքով,  որի շուրջ 40%-ը կարտահանվի: «Պատրաստված է Հայաստանում» մակնշմամբ շոկոլադն արտահանվում է ԵԱՏՄ, Ուկրաինայի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իսրայելի, Էստոնիայի, Չինաստանի և այլ երկրների շուկաներ: Նախարար Տիգրան Խաչատրյանը ծանոթացել է շոկոլադի արտադրության շղթայի փուլերին, իտալական և բելգիական արտադրության նոր սարքավորումներին, ինչպես նաև ընկերության ընդլայնման նպատակով իրականցվող ներդրումային ծրագրի շրջանակում նոր մասնաշենքի շինարարական աշխատանքներին, որը, հիմանդրի խոսքով, մեկ ամսվա ընթացքում ամբողջությամբ կշահագործվի: Նշվել է, որ ընթացիկ տարում ստեղծվել է լրացուցիչ 69 նոր աշխատատեղ, իսկ 2020 թվականին առկա 240 աշխատակազմը նախատեսվում է համալրել ևս 50 նոր հիմնական աշխատատեղով: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը ընկերության ղեկավարության հետ քննարկել է մի շարք հարցեր, որոնք առնչվում են արտադրանքի առաջմղման միջոցառումներին արտաքին շուկաներում, ընկերության արտադրական հզորությունների ավելացմանը, մասնագիտական կարողությունների ընդլայնմանը, ինչպես նաև երկարաժամկետ ծրագրերին: Անդրադարձ է եղել նաև ընկերության արտադրական գործընթացի հետ կապված որոշ խնդիրների կարգավորմանը:

Lragir.am,
09-12-2019 14:01