Մհեր Գրիգորյանն անդրադարձել է աջ ղեկով մեքենաների տեխնիկական փոփոխության հարցին

09-12-2019 15:15

Հայաստանի Հանրապետություն ներմուծվող աջ ղեկով ավտոմեքենաները տեխնիկական փոփոխության ենթարկելու համար ժամկետները երկարացվել են ևս 3 ամսով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Տրանսպորտային միջոցի վրա տեխնիկական գործողություն է իրականացվում և այդ փոփոխությունը, եթե չարվի մասնագիտացված կառույցի կամ անձի կողմից, ապա կարող է հանրային վտանգի պատճառ դառնալ: Բացառություն ենք արել, տրամադրել ենք ժամկետ, որ տվյալ գործողությունը հնարավոր լինի անել նաև Հայաստանում,  այլ ոչ թե արտերկրում: Միևնույն ժամանակ օրակարգում մնացել է մի խնդիր, որի վրա մենք պետք է աշխատենք, որ հասկանանք այդ տեխնիկական փոփոխությունն ինչպես է իրականացվում, և ինչպես պետք է իրականացվի, որ լինի անվտանգ»,-նշեց փոխվարչապետը: Նրա կարծիքով՝ Հայաստանը նման հագեցվածություն ունի, որպեսզի կարողանա իրականացնել մեքենայում ղեկի փոփոխությունը:

Lragir.am,
09-12-2019 15:15