Փոքր ու միջին բիզնեսը կարող է տուժել հակածխախոտային օրենքից. տարբերակներ են քննարկվում

09-12-2019 15:10

«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագծի մի քանի դրույթների շուրջ կառավարության հետ քննարկումները կշարունակվեն: Այս մասին ԱԺ նիստում ասաց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը: «Պայմանավորվել ենք, որ այս փուլում նախագիծն ընդունում ենք այնպես, ինչպես Առողջապահության նախարարությունը ներկայացրել է, բայց փոխհամաձայնեցված կետերի վերաբերյալ մինչև երկրորդ ընթերցում իրենք պետք է արդեն լրամշակված տարբերակը բերեն»,- ասաց նա: Երեք ամենակարևոր հարցերը, որոնք դեռևս քննարկվում են, հետևյալն են: Նախ, պետք է հստակեցվի ծխախոտի ցուցադրման կարգը: Թունյանն ասաց, որ նախարարությունը ցանկանում է ծխախոտի ցուցադրությունը բոլոր տեղերում ընդհանրապես արգելել: «Բայց քանի որ փոքր ու միջին բիզնեսը դրանից տուժելու է, մեխանիզմներ ենք մտածում, թե ինչպես անենք, որ նրանք որոշակի առումով այդ հարվածը չկրեն: Երկրորդ առաջարկը վերաբերում է մասնագիտացված օբյեկտներին՝ սիգար ակումբերին և այլն: Այստեղ հնարավոր է միասին չափորոշիչներ մտածենք և այդ ակումբներին թույլ տանք իրենց գործունեությունը շարունակել»,- նշեց Բաբկեն Թունյանը: Երրորդ ուղղությամբ քննարկումները վերաբերում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնկարգերին՝ ծխախոտի փոխարինիչների հետ կապված: Ըստ նրա՝ լավ կլինի, որպեսզի առողջապահության նախարարությունը պատասխանի հետևյալ հարցին՝ եթե հիմա Հայաստանում ծխողների թիվը կազմում է բնակչության մոտ 28 տոկոսը, նախագծի ընդունումից հետո ինչ պատկեր է լինելու: Թունյանը նաև դիմեց նախագծի հիմնական զեկուցող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանին՝ կոչ անելով թվերի վրա «չխաղալ»: «Մենք պայմանավորվել ենք, որ այդ նախագիծը ներկայացնում ենք առանց թվերի վրա խաղալու: Այն թիվը, որը հնչեցվում է, որ ՀՀ տնտեսության վնասն այսօր տարեկան կազմում է 362.7 մլրդ դրամ, հանձնաժողովի նիստում ձեզ խնդրեցինք այդ թիվը չհնչեցնել, որովհետև դա սխալ պատկեր է ստեղծում: Ոչ վարակիչ հիվանդությունների վնասը 360 մլրդ դրամ, որ նշել եք, դա վերաբերում է բոլոր հիվանդություններին: Իսկ ձեր նախագծի հիմնավորման մեջ ծխախոտի հետևանքով վնասը գնահատվում է 80 մլրդ դրամ»,- ասաց Բաբկեն Թունյանը:

Lragir.am,
09-12-2019 15:10