Խինես Մելենդեսը մի պայմանով կմնա Հայաստանում

09-12-2019 15:48

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսը մի նախապայմանով կշարունակի աշխատանքը Հայաստանում: «Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա, ես ևս կմնամ, եթե հեռանա` ես էլ չեմ մնա: Չեմ երկարաձգի պայմանագիրս: Եթե նա դառնա ֆեդերացիայի նախագահ, ես կշարունակեմ աշխատել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասել է Մելենդեսը: Խինես Մելենդեսը ծնվել է 1950 թ. մարտի 22-ին: Մարզչական կարիերան սկսել է «Ալբասետե» ակումբում՝ հետագայում զբաղեցնելով տարբեր պաշտոններ ակումբի համակարգում: 2008 թվականից ՈՒԵՖԱ-ի, 2011 թվականից ՖԻՖԱ-ի տեխնիկական հրահանգիչ է: 2011-2018 թթ. զբաղեցրել է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական տնօրենի և ազգային հավաքականների համակարգողի պաշտոնը: Այդ ընթացքում Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները 7 անգամ նվաճել են տարբեր մրցաշարերի չեմպիոնի կոչումը, ևս 3 անգամ՝ դարձել արծաթե մեդալակիր: Մարզչական կրթության ոլորտում աշխատելուց բացի, նա գլխավորել է նաև Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականները, որոնց հետ հասել է ֆուտբոլի պատմության ընթացքում բացառիկ հաջողությունների` մասնավորապես, 6 անգամ իր թիմերի հետ դառնալով Եվրոպայի չեմպիոն (Մ-17, Մ-19): Խինես Մելենդեսն Իսպանիայի տարբեր տարիքային հավաքականներում մարզել է այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Չավի Էռնանդեսը, Անդրես Ինիեստան, Իկեր Կասիլիասը, Դավիդ Վիլյան, Սեսկ Ֆաբրեգասը, Խուան Մատան, Ժերար Պիկեն, Իսկոն  և այլոք:

Lragir.am,
09-12-2019 15:48