ԲՀԿ-ն սայթաքեց եւ հիշեց Տիգրան Սարգսյանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հինգ տարի նախագահել է Հայաստանի ներկայացուցիչը եւ պետք է գնահատել, թե ինչպես է նա աշխատել: Այդ հարցադրումը խորհրդարանում արել է Ծառուկյան խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, երբ քննարկվել է ֆինանսական շուկայի ոլորտում ԵՏՄ երկրների օրենսդրությունները ներդաշնակեցնելու մասին համաձայնագիրը: Միքայել Մելքումյանը հայտարարել է, թե շուտով լրանում է պաշտոնավարման ժամկետը եւ պետք է գնահատվի, թե ինչ արդյունք է տվել գործունեությունը: Խոսքը Տիգրան Սարգսյանի մասին է, որին Սերժ Սարգսյանը 2015 թվականին առաջադրեց ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնում, քանի որ առաջադրման իրավունքը պատկանում էր Հայաստանին: 2020 թվականին այդ իրավունքը անցնում է Բելառուսին, եւ Տիգրան Սարգսյանը թողնելու է ԵՏՄ հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Իսկ դադարելու՞ է նա լինել նաեւ ԵՏՄ հանձաժողովի անդամ: Յուրաքանչյուր երկիր ունի երկուական ներկայացուցիչ-նախարար այդ հանձնաժողովում: Հայաստանը ներկայացնում էին հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը եւ Կարինե Մինասյանը՝ ՏՏ ոլորտի նախարարի կարգավիճակով: Հայաստանում Մինասյանը տնտեսական զարգացման փոխնախարար էր եւ համարվում էր Տիգրան Սարգսյանի տնտեսական թիմի անդամ: Միքայել Մելքումյանը խորհրդարանում բարձրացնում է հարցը, հիշեցնելով, որ Հայաստանը պետք է մտածի նոր ներկայացուցիչ նշանակելու մասին: Ինչի՞ հետ գործ ունենք պատգամավորի հարցադրման համատեքստում՝ ԲՀԿ-Տիգրան Սարգսյան վաղեմի դիմակայությա՞ն, թե Միքայել Մելքումյանի անձնական հավակնության հետ՝ նշանակվել ԵՏՄ հանձնաժողովի նախագահ եւ տեղափոխվել օրինակ Մոսկվա: Հատկանշական է, որ տնտեսագետ Մելքումյանը հեղափոխությունից հետո բավական աշխույժ է եվրասիական տնտեսական տարածության թեմատիկայի առումով: Նրա հնարավոր հավակնությունը կարող է նաեւ հասկանալի լինել: Մելքումյանը ԲՀԿ անդամ է եւ թերեւս ներսից է լավ պատկերացնում այն բարդ եւ թերեւս անհեռանկար իրավիճակը, որում հայտնվել է այդ քաղաքական ուժը հեղափոխությունից հետո: Այդ պայմաններում, ԵՏՄ հանձնաժողովում Հայաստանի ներկայացուցչի նշանակում ստանալը կարող է լինել գրեթե իդեալական տարբերակ: Ինչ վերաբերում է ԲՀԿ-Տիգրան Սարգսյան դիմակայությանը, Բարգավաճ Հայաստանն ուղղակի տորպեդահարում էր վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը, ի վերջո հասնելով նրան, որ Սերժ Սարգսյանը հանձնեց Տիգրան Սարգսյանին եւ «բոլորի համար ընդունելի վարչապետ» նշանակեց Հովիկ Աբրահամյանին: Տիգրան Սարգսյանին Սերժ Սարգսյանը գործուղեց ԱՄՆ-ում ՀՀ դեսպան, իսկ այնտեղից էլ ԵՏՄ հանձնաժողովի նախագահ, ինչը թերեւս Սերժ Սարգսյանի համար ուներ Մոսկվայում, ինչպես Մեդվեդեւը կասեր՝ «մեծ ղեկավարի» պաշտոնում, Հայաստանի ոչիշխանական բեւեռի «ռեաբիլիտացիայի» հնարավոր փորձերը հակակշռելու իմաստ: Միաժամանակ նաեւ հակակշռելով Հովիկ Աբրահամյանի իշխանական հավակնությունը եւ դրա հետ կապված ակնկալիքը Մոսկվայից: Բացառված չէ իհարկե, որ Տիգրան Սարգսյանի մոսկովյան գործունեությունը ներկայում մրցակցային է դիտում նաեւ ԲՀԿ-ն, որի նախագահը օրերս մեկնել էր Մոսկվա եւ Երեւան վերադարձից հետո փորձեց ընդդիմադիր կոշտ աշխուժություն ցուցաբերել, թեեւ «սայթաքեց» արաբական ուղղության վրա:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
09-12-2019 16:00