Իշխանությունների համար դա խորը ցավ էր, իսկ որոշների համար՝ հրճվելու առիթ

Մեր զրուցակիցնէ  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը Վերջին օրերին բուռն քննարկվում է Երևանի քաղաքապետարանի կողմից «Կամազներ» նվեր ստանալու դեպքը, որի մեջ ընդդիմությունը տեսնում է կոռուպցիոն չարաշահումներ: Դուք, որ տարիներ շարունակ պայքարել եք կոռուպցիան բացահայտելու համար, ինչպե՞ս եք գնահատում այդ ամենը: Մասնավորապես, «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ թեև կոռուպցիան ռիսկ չի տեսնում, սակայն կասկած է հարուցում կատարված նվիրաբերությունների ժամանակահատվածը, որը համընկնում է օրինակ փոխակապկցված անձանց շինթույլտվությունների ստացման ժամանակահատվածին: Վերջին շրջանում ինձ շատ են հիշեցնում, թե որտեղից եմ ես գալիս, թեև հիշեցնելու կարիք չկա, ես շուրջ 10 տարի աշխատել եմ «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիան կենտրոնում, և հակակոռուպցիոն քաղաքականությունների վերաբերյալ մեր կատարած աշխատանքը ինձ որոշակի փորձառություն և հմտություն տվել է հասկանալու համար, թե ինչ է կոռուպցիոն դեպքը, կոռուպցիան ռիսկը և ընդհանրապես ինչ է կասկածը կոռուպցիան ռիսկի վերաբերյալ: Դուք օգտագործեցիք «կոռուցիոն բացահայտումներ» արտահայտությունը, բայց ես կարծում եմ, որ «Կամազների» նվեր ստանալու հետ կապված նման բացահայտումներ չկան: Այստեղ կան ընդամենը լուսաբանված փաստեր, բայց փաստերի համակցությունը դեռ թույլ չի տալիս եզրակացնելու, որ այստեղ մենք գործ ունենք կոռուպցիոն ռիսկի, առավել ևս կոռուպցիոն դեպքի հետ: Տեսեք, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը ևս իր հայտարարության մեջ նշել է, որ եթե համադրելու լինենք բոլոր բաց աղբյուրներում եղած փաստերը և կողմերի բերած փաստարկները, ապա այդ փաստական տվյալների պարագայում չենք կարող խոսել կոռուպցիոն դեպքի մասին: Եթե ելնենք կոռուպցիայի դասական ձևակերպումից, այստեղ ակնհայտ է, որ քաղաքապետը չի առաջնորդվել իր կամ իրեն փոխկապակցված անձանց շահերով՝ իր պաշտոնն օգտագործելով որևէ արտոնություն ձեռք բերելու համար, ինչը հենց կոռուպցիայի սահմանումն է: Ըստ էության, տեղի է ունեցել նվիրատվություն, և երբ ես մեր ընդդիմադիրներին ասում եմ, որ նվիրատվությունը նաև սոցիալական պարտավորություն է, կորպորատիվ պարտականություն է ընկերությունների կողմից, հոգու խորքում իրենք համաձայնում են, որ կոռուպցիոն ռիսկ կամ դեպք այստեղ չկա, բայց շեշտը դնում են նրա վրա, որ նվիրատվությունները եղել են ոչ կամավոր, ինչը նշանակում է, որ քաղաքային իշխանությունները իրականացրել են ռեկետ: Սա նշանակում է քաղաքային իշխանություններին մեղադրել ծանրագույն հանցագործության մեջ, և եթե կան նման կասկածներ, որ այդ նվիրատվությունները կամավոր չեն եղել, և այդ ոչ կամավոր նվիրատվությունների արդյունքում է, որ որոշ ընկերություններ ձեռք են բերել շինթույլտվություններ, կամ ինքնակամ շինությունների թույլտվություններ, ուրեմն այստեղ մենք գործ ունենք կամայական կամ խտրական մոտեցման հետ: Բայց մենք չենք կարող ասել, որ այստեղ կա կոռուպցիոն ռիսկ: Ես վստահ եմ, որ նաև մեր ընդդիմադիր գործընկերները վստահ են, որ այստեղ չկա կոռուպցիոն  դեպք և որևէ կոռուպցիոն սխեմայի մասին խոսք լինել չի կարող: Եթե նրանք շեշտը դնում են նրա վրա, որ ունեն ողջամիտ կասկածներ, որ այդ նվիրատվությունները չեն եղել կամավոր, այդ դեպքում եթե կան փաստեր, դրանք պետք է ներկայացվեն իրավապահ մարմիններին, որ դա դառնա նրանց քննության առարկան, և բացահայտվի օբյեկտիվ ճշմարտությունը: Այլապես ողջամիտ կասկածներ կամ ուղղակի կասկածներ բոլորի մոտ կարող են ծագել: Ենթադրել ամեն ինչ կարելի է, բայց մենք պետք է ելնենք փաստական հանգամանքներից, թե արդյոք այստեղ գործ ունենք կոռուպցիոն սխեմայի հետ: Եթե այդ ամբողջ պրոցեսը փորձեմ վերլուծել շահերի բախման և կոռուպցիայի տեսանկյունից, անգամ շահերի բախում չկա: Եթե չկա շահերի բախում, կոռուպցիոն ռիսկ չի կարող տեղի ունենալ: Երբ որ նմանատիպ հանգամանքներում 3, 4, 15 տնտեսվարողների մերժվում է նույն շինթույլտվությունը, բայց տրվում է X ընկերությանը, որովհետև նա քաղաքին նվիրել է «Կամազներ», այստեղ կարող ենք խոսել կամայական մոտեցման, խտրական մոտեցման մասին, վարչարարության օրենքի խախտումների մասին, բայց սա էլի կոռուպցիոն սխեմա չէ: Իսկ եթե խոսվում է ռեկետի մասին, դրանով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները: Հարցն այն է, որ մարդիկ արդարացիորեն հարց են տալիս, թե եթե այստեղ գործարք չի եղել, ինչո՞ւ հենց նվիրելու ժամանակ այդ մասին չի ասվել, թաքցվել է: Նաև նշվում է, որ քաղաքապետարանը գոնե ավագանու մակարդակով պետք է տեղեկացրած լիներ այդ մասին: Այո, ես այստեղ թափանցիկության խնդիր տեսնում եմ, չնայած եղավ քաղաքապետարանի պարզաբանումը, որ կա որոշակի ժամկետ կայքում տեղադրելու համար, այդուհանդերձ, ես կարծում եմ, որ եթե քաղաքապետարանն ավելի պրոակտիվ լիներ տեղեկատվությունը հրապարակելու առումով, ապա այս կասկածները չէին ծագի: Շատ հարմար առիթ էր այստեղ աղմուկ բարձրացնելու համար: Նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլի» հայտարարության մեջ հիմնականում քաղաքապետարանի գործունեությունը թիրախավորվել էր ոչ թե կոռուպցիոն շղթայի մեջ մասնակից լինելու, այլ ուղղակի պրոակտիվ և հրապարակային չգործելու առումով: Այստեղ քաղաքապետարանը պետք է ավելի ուշադիր լինի, որովհետև իր գործունեությունը պետք է ավելի շուտ ներկայացնի հանրությանը, քան դրա վերաբերյալ իրեն հարցում կուղարկեն: Քաղաքային իշխանությունից այսօրվա ԱԺ-ն ինչպիսի՞ սպասելիքներ ունի, որքանո՞վ է կարողանում քաղաքային իշխանությունն արդարացնել իրեն, աշխատել այնպես, որ քաղաքի խնդիրներին իսկապես լուծումներ տա, իր տված խոստումները կատարի: Նախ օրենսդիր մարմինը քաղաքային իշխանություններից չպետք է ակնկալիքներ ունենա երբևէ: Քաղաքային իշխանությունները որպես ՏԻՄ մարմիններ անկախ են, ինքնուրույն են և այդ դեպքում օրենսդիրը չէ, որ պետք է ակնկալիք ձևավորի, այլ համայնքի բնակիչը: Բայց ասել, որ  համայնքի բնակիչն էլ հենց այս պահին պետք է ակնկալի այն խոստումները, որ տրվել են առաջիկա 5 տարվա համար, ճիշտ չէ: Պետք է ասել, որ դրանք քայլ առ քայլ արվում են: Եթե հետևում ենք քաղաքային իշխանությունների գործունեությանը, եթե չլինեին ամռան ամիսներին աղբի հետ կապված համատարած սաբոտաժի դրսևորումները, որը հետ գցեց մնացած ծրագրային աշխատանքները, ապա կտեսնեք, որ տված խոստումների բոլոր ուղղություններով աշխատանքներ են կատարվում: Այլ է խնդիրը, որ ամբողջ քաղաքային իշխանությունների ուժն ու կարողությունը մեկտեղվեց մեկ խնդիր լուծելու վրա, որը կարող է թվալ, թե մի թեթև հարց էր, բայց աղբի խնդիրը արդեն դառնում էր քաղաքական խնդիր: Ոմանք արդեն շատ հաջող դիվիդենտներ էին հավաքում՝ ցույց տալով, որ այս իշխանությունները չեն կարողանում մեկ խնդիր անգամ լուծել: Բայց թե ինչքան խութեր կային այդ խնդրի տակ թաքնված, դա կարող են ասել միայն այն մարդիկ, որոնք բախվեցին դրան: Քաղաքային իշխանությունները կարողացան այլընտրանքային լուծում գտնել խնդրին՝ ստեղծելով նոր կազմակերպություն: Երևի ոմանց դուր չի գալիս, որ խնդիրը լուծվեց: Ես հիմա հիացմունքով եմ նայում Երևանի դատարկ աղբամաններին և ափսոսանքով հիշում, որ ամռանը տուրիզմի բուռն շրջանում քաղաքն աղբի մեջ կորած էր: Ոմանք հասկանում էին, որ ամեն ինչ հնարավոր է լուծել համբերատար սպասելով, իսկ ոմանք առիթն օգտագործում էին չարախնդալու համար: Ի վերջո, եթե քաղաքն աղբոտ է, թե ընդդիմությունը, թե իշխանությունը, թե բոլորս նույն գարշահոտությունն ենք շնչում: Իշխանությունների համար դա խորը ցավ էր, իսկ որոշների համար՝ հրճվելու առիթ: Հիմա մեզ համար ուրախալի է, որ քաղաքապետարանը հաջողեց, իսկ ոմանց համար խորը ցավ է, որ աղբամանները դատարկ են: Երբ գործերը հանձնվեն իրավապահ մարմիններին, ես վստահ եմ, որ կպարզվի, որ որևէ ռեկետ, իրենց լեզվով ասած, չի եղել: Կարծում եմ, որ այդ դեպքում իրենք նաև պետք է հետագայում դասեր քաղեն և որևէ հայտարարություն անելուց առաջ մի փոքր ջանք գործադրեն՝ ստուգելու համար շինթույլտվությունների օրինականությունը: ԱԺ-ում այդ հարցով քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունն, այուամենայնիվ, կա՞ր: Ոչ, չկար դրա անհրաժեշտությունը: Երբ ես ասում եմ բացահայտվելու մասին, նկատի ունեմ իրավապահ մարմինների կողմից, իսկ ԱԺ քննիչ հանձնաժողովը ռեկետ բացահայտող մարմին չէ: Տարօրինակ էր ինձ համար տեսնել, որ «Լուսավոր Հայաստանի» ու ԲՀԿ-ի պատգամավորները ձևավորել են հանձնաժողով: Ես ասել եմ և հիմա էլ հաստատում եմ, որ Երևան քաղաքի կողմից մասնավորից գույք նվիրատվություն ստանալը ԱԺ լիազորությունների մեջ չէ, թեև ունի հանրային հնչեղություն: Մենք դրանով խախտում ենք ՏԻՄ-երի անկախության և ինքնավարության սկզբունքը: Ի՞նչ են ուզում դրանով բացահայտել. որ պայմանագրերը ճիշտ չե՞ն կազմվել, իսկ եթե ռեկետի մասին ենք խոսում, ապա այս քննիչ հանձնաժողովն ի՞նչ է անելու, խանգարելո՞ւ է դատախազության ուսումնասիրությանը, թե օգնելու է: Ես, անկեղծ ասած, այդ հանձնաժողով ստեղծելու գաղափարն ընդհանրապես չհասկացա:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
09-12-2019 16:49