Կառավարությունն այստեղ անելիք չունի. Ռուստամ Բադասյանը՝ Վահե Գրիգորյանի աշխատանքի չհաճախելու մասին

09-12-2019 17:50

«Ես որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, որովհետև եթե արձանագրվել է, որ անձը աշխատանքի չի գնում, կան համապատասխան ընթացակարգեր, դրանցով հնարավոր է ղեկավարվել: Կառավարությունն այստեղ անելիք չունի»,- Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ թոշակի անցնելու վերաբերյալ նախագծի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով հարցին, որ ՍԴ-ում կա դատավոր, ով աշխատանքի չի գնում, բայց աշխատավարձ է ստանում, այդ հարցն ինչպե՞ս պետք է լուծվի: Նշենք, որ խոսքը ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին է: Հարցին, թե կա՞ մեխանիզմ, որ աշխատանքի չհաճախող ՍԴ դատավորին կարող են աշխատանքից ազատել, Բադասյանը պատասխանեց. «Էական կարգապահական խախտման հիմքերը թվարկված են, և եթե կա նման խախտման հիմք, ԱԺ-ն իրավասություններ ունի այդ ոլորտում»: Նախարարն անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ հենց այս փուլում կառավարությունը որոշեց ներկայացնել ՍԴ դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի ուղարկելու նախագիծը: Բադասյանն ասաց, որ իր՝ պաշտոնն ստանձնելուց հետո հանձնառություն են ստանձնել ունենալ անկախ դատական համակարգ, հանրության վստահությունը բարձրացնել դատական համակարգի նկատմամբ: «Եվ Սահմանադրական դատարանի մասով վաղ կենսաթոշակի ինստիտուտի ներդրումը դրանցից ընդամենը հերթական քայլն է: Այն ուղղված է 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված Սահմանադրական դատարանի մոդելը կյանքի կոչումն ապահովելուն»,- ասաց նա:

Lragir.am,
09-12-2019 17:50