Պետությունը ձեռք է մեկնել ՍԴ դատավորներին՝ պատվով հեռանալու. Ռուստամ Բադասյան

09-12-2019 18:07

«Եթե երկրում իշխանության փոխոխություն տեղի ունենա, պարզվի՝ դուք երիտասարդ տարիքում պետք է գնաք կենսաթոշակի, դուք կգնա՞ք»,- այսօր ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորներին կամավոր վաղ կենսաթոշակի անցնելու նախագծի քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին հարցրեց Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը: Բադասյանն ասաց, որ Հայաստանում ուղղակի իշխանության փոփոխություն տեղի չի ունեցել, Հայաստանում տեղի է ունեցել թավշյա հեղափոխություն, որն արդյունք էր տարիներ շարունակ կուտակված խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի բարձր մակարդակի, այդ թվում՝ դատական համակարգի ձևավորման վրա կոռուպցիայի ազդեցության: «Հետևաբար, սրանք տարբեր իրավիճակներ են, խորքային քաղաքական փոփոխություններ են երկրում: Եթե խնդիրը նրանում է, որ ես նշանակված լինեի ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորված ԱԺ կողմից, եթե չլիներ այն գնահատականները, որը Հայաստանի դատական համակարգի շուրջ տարիներ շարունակ եղել են, ես խնդիր կտեսնեմ վաղ կենսաթոշակի առաջարկի մասով: Սակայն այն խորքային խնդիրները, որոնք կան Հայաստանում, և հեղափոխությունից հետո ձևավորված նոր կառավարությունը խնդիր ունի դրանք լուծելու հերթականությամբ և կոռուպցիան արմատախիլ անելու նաև դատական համակարգից, ապա այս պարագայում պետության կողմից մեկնված ձեռքը սեղմելը, կարծում եմ, պատվով հեռանալու և սահմանադրական նոր մոդելի դատական համակարգ ունենալու հնարավորություն է: Ես որևէ խնդիր չեմ տեսնում պետության մեկնած ձեռքը սեղմելու»,- ասաց նախարարը: Ըստ նրա՝ եթե այնպիսի իրավիճակ ստեղծվի, որ միանգամից ՍԴ 7 դատավորնրը դիմեն վաղ կենսաթոշակի, ապա ֆինանսական գնահատականը 630 մլն դրամի շրջանակներում է: «Ինչ վերաբերում է հարկատուների գումարներից նման շռայլության գնալու խնդրին, ապա, կներեք, բայց եթե մենք նույն տրամաբանությամբ գնանք, հանրությունն ավելի անհանդուրժող կլինի, եթե մենք դատական համակարգում ընդհանրապես ոչ մի բան չփոխենք,  ամեն ամիս իրենց վճարած հարկերից աշխատավարձ վճարվենք այն դատավորներին, որոնց հանրությունը չի վստահում»,- ասաց նա:

Lragir.am,
09-12-2019 18:07