Հրայր Թովմասյանին հնարավորություն է տրվում այդ ճգնաժամը հաղթահարելու. Անդրանիկ Քոչարյան

11-12-2019 13:15

«Սահմանադրական դատարանում կա ճգնաժամ, և Հրայր Թովմասյանին հնարավորություն է տրվում այդ ճգնաժամը հաղթահարելու, որովհետև ինքնուրույն դա պետք է ինքն աներ ամիսներ առաջ: Բայց ճգնաժամը արդեն հասավ այնտեղ, որ պառլամենտն արդեն երկրորդ անգամ քայլ է անում, որպեսզի հնարավորություն տա ՍԴ-ին ու նրա անդամներին»,- այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նրա խոսքով՝ թե ինչքանով իրենք կօգտվեն այդ հնարավորությունից, ցույց կտա ժամանակը: Այստեղ ճգնաժամի հաղթահարման կարևորությունն է, ոչ թե այն՝ խարդախություն կա, թե չկա: «Իհարկե, խարդախություն չկա»,- ասաց Քոչարյանը: Անդրադառնալով ընդդիմադիրների քննադատություններին, թե հանդուրժողականության պակաս կա, Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ընդհակառակը, սերը պարբերաբար ի հայտ է գալիս: Պարբերաբար կռվում են, հետո սիրում են: Հենց ընդդիմության խնդիրն այն է, որ այդ պակասը զգա, հետո լրացնի նաև իրենց կողմից էլ: Դա պետք է լինի օրինագծերի տեսքով և նրանց կողմից պետության առաջնահերթությունները սպասարկելու հարցում: Մնացած սիրո զգացմունքները մի քիչ այլ տեղ են քննարկվում»:

Lragir.am,
11-12-2019 13:15