Այդ բարձր գինը ստիպված ենք վճարել. Բաբկեն Թունյանը՝ ՍԴ դատավորներին թոշակի ուղարկելու մասին

11-12-2019 13:13

«Այո, 600 մլն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց այդ բարձր գինը մենք ստիպված ենք վճարել, որովհետև շատ ժամանակ է անցել, և այդ գինը տոկոսներով բարձրացել ու մնացել է մեր ուսերին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով ՍԴ դատավորներին վաղաժամ կամավոր թոշակի ուղարկելու օրենքին: Ըստ Թունյանի՝ եթե գտնում ենք, որ ՍԴ խնդիրը պետք է լուծվի և անցնցում, Հայաստանի ապագային միտված այս քայլի համար 600 մլն դրամն այդքան էլ մեծ գումար չէ: «Հնչեց, թե դա տարեկան թիվն է, տարեկան չէ, ընդհանուր ծախսն է, և այն դեպքում, եթե բոլոր դատավորները համաձայնեն այդ տարբերակով գնալ»,- ասաց Թունյանը: Ըստ նրա՝ Հայաստանում երկար ժամանակ թե տեղական, թե միջազգային փորձագետների կողմից տնտեսական զարգացման ամենակարևոր խոչընդոտներից մեկը եղել է դատական համակարգը: Դրա համար չպետք է թերագանհատել այդ խնդրի կարևորությունը և չպետք է տպավորություն ստեղծել, որ մարդկանց հետաքրքրում են միայն սոցիալական խնդիրները: «Մեր համաքաղաքացիները գոնե ինտուիտիվ զգում են, թե խնդիրների արմատը որտեղ է»,- հավելեց նա:

Lragir.am,
11-12-2019 13:13