Հայաստանի բնակիչներն աջակցում են հակակոռուպցիոն միջոցառումներին. հասարակական կարծիքի նոր հարցում

11-12-2019 13:48

Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հասարակական հարցումների կենտրոնի՝ Հայաստանի բնակչության շրջանում անցկացված նոր ներկայացուցչական հարցումը ցույց է տալիս, որ կառավարության հակակոռուպցիոն ջանքերը վայելում են մեծ աջակցություն, և բնակչության մեծամասնությունը լավատես է երկրի ապագայի նկատմամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդուհանդերձ, քաղաքացիները նաև ցանկանում են տեսնել հավելյալ քայլեր՝ ուղղված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը, ինչպես նաև գործողություններ անցումային արդարադատության ոլորտում: Ավելին, 66 տոկոսը կարծում է, որ կառավարությունն անում է բավարար քայլեր՝ պայքարելու կոռուպցիայի դեմ (գրանցվել է աճ նախորդ հարցման 59 տոկոսից), իսկ 70 տոկոսն էլ կարծում է, որ այդ պայքարը արդյունավետ է եղել: «Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դեմ վերջերս ներկայացված պաշտոնական մեղադրանքները ցույց են տալիս, թե որքան լուրջ է եղել կոռուպցիայի խնդիրը նախկին վարչակարգի ժամանակ», – ասել է Սթիվեն Նիքսը, ՄՀԻ Եվրասիա տարածաշրջանի տնօրենը: «Ոգևորիչ է տեսնել, որ հարցման արդյունքները արտացոլում են նոր կառավարության հակակոռուպցիոն ջանքերի դրական ընկալումը», – հավելել է Նիքսը: Հարցման արդյունքները մատնանշում են, որ Հայաստանի բնակիչների 70 տոկոսը լավատես է երկրի ապագայի նկատմամբ, իսկ 62 տոկոսը կարծում է, որ երկրի զարգացումը գնում է ճիշտ ուղով: Երկրի իշխանությունների աշխատանքով բավարարվածությունը պահպանում է իր բարձր ցուցանիշը՝ հարցվածների 76 տոկոսը դրական է գնահատում վարչապետի գրասենյակի աշխատանքը, իսկ 63 տոկոսը գոհ է Ազգային Ժողովի աշխատանքից: Չնայած լավատեսության այս դրսևորումներին՝ կան նաև մի շարք հանրային մտահոգությունների ի հայտ եկող միտումներ: Շարունակում է աճել այն քաղաքացիների թիվը, ովքեր մատնանշում են աշխատատեղերի ստեղծումն (38 տոկոս՝ նախորդ հարցման 30 տոկոսի համեմատությամբ) ու սոցիալ-տնտեսական խնդիրները (29 տոկոս՝ նախորդ հարցման 18 տոկոսի համեմատությամբ) որպես կարևորագույն առաջնայնություններ, ինչպես նաև աճել է այն մարդկանց տոկոսը, ովքեր որպես կառավարության ամենամեծ ձախողում են նշել վատ կառավարումը՝ 27 տոկոս (աճ 5 տոկոսով): Սթիվեն Նիքսը նշել է․ «Թեև կառավարությունը լավ ցուցանիշների է հասել հակակոռուպցիոն բարեփոխումների մասով, մենք տեսնում ենք նշաններ, որ բնակչությունը մտահոգ է սոցիալ-տնտեսական ասպարեզում առաջընթացի տեմպերով»: Հայաստանի բնակչությունը նաև ցույց է տալիս մեծ հետաքրքրություն դատական բարեփոխումների ու անցումային արդարադատության իրականացման հանդեպ: Հարցվածների 82 տոկոսը գտնում է, որ դատական բարեփոխումը պետք է լինի կարևոր առաջնայնություն, իսկ 60 տոկոսը ցանկանում է տեսնել այնպիսի անցումային արդարադատության համակարգ, որը կքննի նախորդ վարչակարգի ժամանակ տեղի ունեցած յուրաքանչյուր խնդիր՝ կոռուպցիայից ու ապօրինի հարստացումից մինչև մարդու իրավունքների խախտումներ և ընտրակեղծիք: Արժանի է հիշատակման, որ պատմականորեն հայրիշխանական հասարակություն հանդիսացող Հայաստանում բնակիչների 96 տոկոսը կարծում է, որ կանանց հանդեպ բռնության բոլոր տեսակները պետք է օրենքով պատժելի լինեն, իսկ 90 տոկոսը հավատացած է, որ պետությունը պետք է վերացնի կանանց նկատմամբ խտրական օրենքներն ու գործելակերպը:  Մեթոդաբանություն . ՄՀԻ հարցումն իրականացրել է դոկտոր Ռասա Ալիշաուսկենեն Բալթիկ Սըրվեյ/Դը Գելլափ կազմակերպությունից: Տվյալների հավաքագրումը Հայաստանում իրականացրել է Հայկական սոցիոլոգիական ասոցիացիան: Տվյալները հավաքագրվել են ողջ երկրում 2019 թվականի սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 13- ն ընկած ժամանակահատվածում հարցվողների տներում դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Ընտրանքը բաղկացած է Հայաստանի 18 տարեկան և բարձր, ընտրելու իրավունք ունեցող 1200 մշտական բնակիչներից: Ընտրանքը ներկայացուցչական է ըստ ընդհանուր բնակչության տարիքի, սեռի և բնակության վայրի: Ընտրանքի սխալը նշանակալիորեն չի գերազանցում ողջ ընտրանքի 3 տոկոսը: Արձագանքի մակարդակը կազմել է 66 տոկոս: Հարցումը ֆինանսավորվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից:

Lragir.am,
11-12-2019 13:48