Որքան գումար է վճարվելու Գորան Բրեգովիչին ամանորյա համերգի համար

11-12-2019 13:46

Դեկտեմբերի 31-ին Երևանի Հանրապետության հրապարակում Գորան Բրեգովիչի ու նրա նվագախմբի համերգի համար վճարվելու է 65 հազար եվրո գումար: Այս մասին այսօր լրագրողներին ասաց Երևանի փոխաքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը: «Ես թույլտվություն եմ ստացել հրապարակելու Գորան Բրեգովիչի  հետ կնքված պայմանագիրը, որի արժեքն է 65 հազար եվրո: Սա ընդհանուր խմբի մատուցած ծառայությունների արժեքն է: Խումբը լինելու է 10-ից ավելի արտիստներով, կենդանի նվագակցությամբ: Խմբի հետ Հայաստան են ժամանում նույնիսկ վոկալ կատարող արտիստները: Հաշվի առնելով Ամանորը, նման  հեղինակության արտիստների միջազգային պահանջարկը, հաշվի առնելով, որ այդ գումարը բաշխվում է խմբի ամբողջ անդամներին, ես կարծում եմ, որ այս արտիստը նորմալ պայմաններով համաձայնվել է գալ Հայաստան»,- ասաց Վիրաբյանը: Նա ասաց, որ եթե ուսումնասիրենք նման արտիստների հոնորարի չափը և այն, թե հայ արտիստների հոնորարի չափն ինչքան է բարձրացնում Ամանորի գիշերը, պարզ կլինի, որ նշված գումարն այնքան էլ ահասարսուռ չէ, ինչքան փորձում են ներկայացնել վերջին օրերին:

Lragir.am,
11-12-2019 13:46