Իշխանությունը գումարն անխնա բաժանում է ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի. Տարոն Սիմոնյան

11-12-2019 14:07

Սահմանադրական դատարանի նախագահն ընդամենը մեկ ձայն ունեցող դատավոր է, և օրենք ընդունել այդ մեկ դատավորին թոշակի ուղարկելու համար, անտրամաբանական է: Այս մասին այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը: Ըստ նրա՝ անհարկի չափազանցեցվել է ՍԴ նախագահի դերը: Եվ այս օրենսդրական լուծումը, որը ԱԺ է բերվել միայն ՍԴ նախագահի հետ կապված հարցը լուծելու համար, որևէ տրամաբանական կապ չունի այն նպատակի հետ, որն իր առաջ դրել է քաղաքական իշխանությունը: «Ավելին, քաղաքական իշխանությունը բազմիցս ամեն հնարավոր առիթով նշում է, որ դատական համակարգի բարեփոխումներով է զբաղվում: Այս հարցը մեր այսօրվա իրականության ամենամեծ հարցն է: Այո, տնտեսական զարգացման ամենամեծ խոչընդոտներից մեկը դատարանների անարդյունավետ աշխատանքն է: Եվ դատական համակարգը նեղացնել, բերել միայն ՍԴ մեկ դատավորով պայմանավորել և ասել, որ անարդար ու անարդյունավետ է աշխատում, սա քաղաքական մանիպուլյացիա է, որևէ ձևով առնչություն չունի դատական համակարգն ավելի արդյունավետ դարձնելու հետ»,- ասաց նա: Ըստ Տարոն Սիմոնյանի՝ եթե գումար կա, որը հնարավոր է ուղղել համակարգը բարեփոխելու ու զարգացնելու համար, ապա իրենց առաջարկն է դատավորների թիվն ավելացնել: Բայց բազմիցս այս առաջարկը մերժվել է, որ գումար չկա դատավորների քանակն ավելացնելու համար: «Սպասում են, որ Եվրամիությունից գումար տան այդ նպատակով, մինչդեռ մեր եղած գումարը մենք բաժանում ենք անխնա, ինչ է թե մեկ դատավոր գնա թոշակի: Եթե ասում են, որ դրանով ձեռք են մեկնում, թող ձեռք մեկնեն իրենց հաշվին, ոչ թե ՀՀ հարկատուների հաշվին: Հասկանում ենք, որ քաղաքացիներն ընտրել են այս քաղաքական մեծամասնությանը, բայց նրա առջև դրել են խնդիր ոչ թե իր գրպանի հաշվին թոշակի ուղարկեն նախկին ռեժիմից դատական համակարգում մնացած անձանց, այլ որ հեղափոխության գաղափարական արժեհամակարգերն իջեցնեն մինչև այդ նույն քաղաքացիներ»,- ասաց Տարոն Սիմոնյանը:

Lragir.am,
11-12-2019 14:07