Փորձում են բոլոր դատավորների փոխարեն դնել միայն իրենց հաճո դատավորների. Գևորգ Գորգիսյան

11-12-2019 14:32

ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն անդրադարձավ ՍԴ դատավորներին վաղաժամ կամավոր թոշակի ուղարկելու օրենսդրական նախաձեռնությանը: «Ինչի՞  մասին էր հեղափոխությունը: Կար քաղաքական ուժ, որն ուզուրպացրել էր բոլոր թևերը, ամեն ինչ անում էր, ամենաթողության աստիճան էր: Եվ եղավ հեղափոխություն, որովհետև քաղաքացիները չէին ուզում դա հանդուրժել: Եվ հիմա եկել են հեղափոխական ուժերը, փորձում են անել նույն բանը, ինչ անում էին նախորդները՝ բոլոր դատավորների փոխարեն դնել միայն իրենց հաճո ու իրենց տեսակետները կիսող դատավորների»,- ասաց նա: Ըստ Գորգիսյանի՝ դա կարող է հղի լինել շատ վատ հետևանքներով: Այստեղ ուղղակի հեռատեսություն է պետք ունենալ, որպեսզի երկրի շահը գերակա համարվի կուսակցական նեղ անձնական շահերից, ասաց Գորգիսյանը: Գևորգ Գորգիսյանն ու խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը հույս հայտնեցին, որ ՍԴ դատավորները չեն գնա վաղաժամ թոշակի: Իսկ հարցին, թե ի՞նչ լուծում է առաջարկում «Լուսավոր Հայաստանը» ՍԴ խնդրի լուծման համար, Տարոն Սիմոնյանը պատասխանեց, որ ինստիտուցիոնալ լուծումը պատկերացնում են սահմանադրական փոփոխությունների ճանապարհով: Եվ դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն էլ բերվել է հենց այդ նպատակով, որ պետք է գնալ սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ժողովրդի կամքն ամբողջությամբ արտահայտել: ԼՀԿ պատգամավորների կարծիքով՝ ՍԴ-ում ճգնաժամ չկա, կա խնդիր ամբողջ դատական համակարգում: ՍԴ նախագահը թեև պաշտոնը ստանձնել է իրավական ճանապարհով, դա, նրանց խոսքով, բարոյական տեսակետից սխալ քայլ է եղել, որովհետև 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ոգին չի պահպանվել: Բայց սա իրավական տեսակտետից ճգնաժամ չէ, ասաց Տարոն Սիմոնյանը:

Lragir.am,
11-12-2019 14:32