Նոր դավաճանություն ՀՀԿ-ում. Ալեն Սիմոնյանը գաղտնիք է բացել

Ազգային Ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում խոսելով Սահմանադրական դատարանի դատավորներին առնչվող վաղ կենսաթոշակի օրինագծի եւ ՍԴ դատավորների կազմի փոփոխության մասին, հայտարարություն է արել 2018 թվականի հոկտեմբերի 2-ի վերաբերյալ: Նա նշել է նույնիսկ, որ գաղտնիք է բացում: Ըստ Սիմոնյանի, դրանից մի քանի օր առաջ հրավիրված է եղել ԱԺ բակում տեղի ունեցող միջոցառմանը: «Այնտեղ ՀՀԿ այն ժամանակվա պատգամավորներից երկուսն ինձ ասացին հետևյալը՝ ոչինչ, քիչ մնաց, մենք ձեզ թերագնահատեցինք, իսկ հիմա դուք եք մեզ թերագնահատում: Կտեսնեք, մի քանի օր անց ինչ կլինի: Ես նույնիսկ կարող եմ անուններ տալ: Ես անկեղծ ասած չհասկացա ինչի մասին էր խոսքը, և տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը, որի ժամանակ փորձ կատարվեց կանգնեցնել այն ամենը, ինչ սկսվել էր ՀՀ-ում», հայտարարել է Ալեն Սիմոնյանը: Ազգային Ժողովի փոխնախագահը հավանաբար փորձել է ակնարկել այն մասին, որ պետք չէ թերագնահատել ՍԴ կազմը եւ նախկին իշխող համակարգի առնչությունը: Միեւնույն ժամանակ, նա շոշափել է մի հարց, որից հնարավոր է ՍԴ առնչությամբ անել լիովին հակառակ եզրահանգում: Ալեն Սիմոնյանը փաստորեն խոսել է ՀՀԿ շարքում դավաճանության մասին: Որովհետեւ, եթե 2018 թվականի հոկտեմբերի 2-ին ծրագրված էր հարված հեղափոխությանը, ապա այդ հարվածը պետք էր պահել գաղտնի՝ նոր իշխանությանը որեւէ կերպ գլխի չգցելու համար: Ստացվում է, որ ՀՀԿ-ական երկու պատգամավոր մոտեցել են Ալեն Սիմոնյանին եւ մի քանի օր առաջ հայտնել ծրագրվող հարվածի մասին: Պետք է ենթադրել, որ Ալեն Սիմոնյանն էլ այդ տեղեկությունը հասցնելու էր թիմի առաջնորդին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եթե իհարկե վարչապետն արդեն իսկ չուներ ծրագրվող քայլի մասին համապատասխան տեղեկություն եւ հանգիստ չէր սպասում այդ քայլին, հակահարվածը հասցնելու համար: Դա էլ տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ին, երբ ԱԺ այն ժամանակ փաստացի մեծամասնություն ՀՀԿ, ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունները քվեարկեցին մի օրինագծի օգտին, որը փաստորեն արգելակելու էր վարչապետի հրաժարականի միջոցով խորհրդարանը ցրելու հնարավորությունը: Ստացվեց լիովին հակառակը՝ հոկտեմբերի 2-ի իրադարձություններն էլ ավելի արագացրին խորհրդարանը լուծարելու եւ արտահերթ ընտրություն անցկացնելու գործընթացը: Ըստ այդմ, ՀՀԿ պատգամավորները փաստորեն «դավաճանել» են, այնպես, ինչպես ներկայում ՀՀԿ-ից կամ մերձ շրջանակներից շատերը նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանին են մեղադրում դավաճանության համար, որ ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ: ԱԺ փոխնախագահ Սիմոնյանը ասում է, որ պատրաստ է տալ անգամ պատգամավորների անունները, որոնք հոկտեմբերի 2-ից առաջ մոտեցել են իրեն եւ ասել, թե շուտով կտեսնեն ինչ է լինելու: Բայց, գուցե պետք չէ, հնարավոր է այդ մարդիկ էլի ասելիք կամ անելիք ունենան մոտ ապագայում: Էական է տվյալ դեպքում այն, որ  հոկտեմբերի 2-ի այդ օրինակը վկայում է թերեւս հակառակ քաղաքական տրամաբանության մասին, որ նոր իշխանության դեմ նախկին իշխանությունից կամ իշխող համակարգից ծրագրվող այդօրինակ քաղաքական հարվածները գրեթե անխուսափելիորեն դառնում են ընդամենը իշխանության լեգիտիմ հակահարվածի հիմք: Այդպիսով, ներկայիս ՍԴ-ն մեծ հաշվով այդպիսի մի հիմք է, որը պետք է պահել, քանի որ առաջիկա ներքաղաքական զարգացումներում ղեկավարող մեծամասնությունը, տնօրինելով լեգիտիմ հակահարվածների այդպիսի աղբյուր, կունենա հարվածի աղբյուրները կառավարելու գործուն լծակ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-12-2019 14:28