Գայթակղիչ առաջարկ եւ անսպասելի իրավիճակ

Սահմանադրական դատարանի անդամներին գայթակղող օրենքը խորհրդարանում ընդունվեց ամբողջությամբ: Ըստ օրենքի, եթե ՍԴ դատավորները կամավոր հրաժարական ներկայացնեն իրենց պաշտոնից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը, նրանք մինչեւ կենսաթոշակի տարիք կստանան իրենց լիարժեք աշխատավարձը: Այդպիսով կառավարող մեծամասնությունը փորձում է լուծել «ՍԴ ճգնաժամը», հրաժարականի բերելով դատավորներին, որոնք այդ պաշտոնում են հայտնվել 2005 թվականի Սահմանադրության կարգավորումով եւ կարող են պաշտոնավարել մինչեւ կենսաթոշակի տարիք: Այն դեպքում, երբ նոր Սահմանադրությամբ կա պաշտոնավարման վեց տարի ժամկետ: Որեւէ դատավոր հրաժարական կտա՞, եթե չի տվել մինչ այժմ: Դա կնշանակի, որ տվյալ դատավորը ընտրել է փողը: Համաձայնեք, այդքան էլ պատվաբեր չէ, հատկապես այն աղմկոտ քննարկումներից հետո, որ եղան օրենքի կապակցությամբ: Կասկածից վեր է, որ կառավարությունը չէր կարող չպատկերացնել այդ վիճակը եւ դրա պայմաններում դատավորին գայթակղելու գրեթե անհնարինությունը: Հետեւաբար, պետք է եզրակացնել, որ կառավարությունն օրինագիծը ներկայացրել է կամ հետագա որեւէ ավելի կոշտ քայլից առաջ «ալիբի» ունենալու համար, կամ, գուցե տարօրինակ հնչի՝ «ճգնաժամն» ավելի խորացնելու՝ դատավորների հաստատակամությունն ավելի կարծրացնելու միջոցով: Բայց, մեծ հաշվով, ու՞մ է հետաքրքրելու «ալիբին»: Միեւնույն է, ավելի կոշտ քայլի համար հնարավոր քննադատությունները լինելու են՝ անկախ «ալիբիից»: Հետեւաբար, ռացիոնալ խորության մեջ դիտարկելով նախաձեռնությունը, մնում է եզրակացնել, որ այն ունի ՍԴ «ճգնաժամը» առավել խորացնելու նպատակ: Ընդ որում, դրա մասին հնչում են նաեւ կասկածներ տարբեր շրջանակներից, որոնք, ի դեպ, հեղափոխության ճամբարում են, ոչ թե այսպես ասած «հակահեղափոխության»: Այդ ձայները քննադատում կամ ակնարկներ են հղում հենց հեղափոխության թիմում, խորհրդարանական մեծամասնությունում մարդկանց մասին, որոնք, նրանց կարծիքով, միտումնավոր խոչընդոտներ են հարուցում «ՍԴ ճգնաժամի» հանգուցալուծման համար: Ակնառու է, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի առումով հեղափոխության լայն շրջանակում՝ որը ներառում է ոչ միայն Իմ քայլը խմբակցության կազմը, այլ նաեւ հեղափոխության դիրքերից ներկայացող արտախորհրդարանական տարբեր շրջանակներ, կա առնվազն երկու դիրքորոշումների կամ մոտեցումների բախում: Մեծամասնության գործողությունից դժգոհ է նաեւ «ՍԴ ճգնաժամի» այսպես ասած գաղափարական հայրը՝ մեծամասնության քվեարկությամբ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, որն ընտրվելուց հետո հայտարարել է ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնելու որոշման մասին, բայց այդ որոշման հարցում մեծամասնության հետեւողական հավանությանը չարժանանալուց հետո բոյկոտում է ՍԴ աշխատանքը, ի դեպ՝ աշխատանքը, բայց ամենեւին ոչ վարձատրությունը: Խորքային առումով, Վահե Գրիգորյանը իրականում բոյկոտում է կառավարող մեծամասնությանը: Ստացվում է, որ կառավարող մեծամասնության քայլերն էլ՝ «ճգնաժամը» հանգուցալուծելու ուղղությամբ, բոյկոտ են Վահե Գրիգորյանի մոտեցումների դեմ: Այստեղ հետաքրքիր է վարչապետի դիրքը: Արդյոք նա այդ իմաստով հայտնվել է ծուղակում՝ կամա թե ակամա գեներացնելով խնդիր, որը խորքային առումով ամենեւին հրատապ կամ սուր չէր՝ դրա համար հանրային մեծ պատասխանատվություն ստանձնելու համար: Թե՞ վարչապետը խնդիրը գեներացրել է միանգամայն գիտակցված, քաղաքական համակարգի դե ֆակտո բացակայության պայմաններում փորձելով ստեղծել հակակշիռների կամ հակազդեցության որոշակի միջավայրեր, որոնք հույժ կարեւոր են ներքին գործընթացների բալանսավորման խնդրի տեսանկյունից: Ընդ որում, ներքին՝ թե ներքաղաքական, եւ թե թիմային առումով՝ հաշվի առնելով, որ մեծամասնությունը ի վերջո դեռեւս ավելի շուտ հեղափոխական հավաքական է, քան քաղաքական թիմ:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-12-2019 21:00