Ամերիկյան անակնկալ Հայաստանին

ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանի հանրության շրջանում իրականացված սոցհարցման տվյալ, այդ թվում պետական կառավարման կառույցների հանրային վարկի, նրանց աշխատանքի գնահատման առումով: Այն, որ ամենաբարձր վարկանիշն ունի բանակը՝ 91 տոկոս, զարմանալի չէ, այլ գուցե զարմանալի է, թե ինչ գնահատական ունի մյուս 9 տոկոսը: Զարմանալի չէ նաեւ, որ հանրային գնահատականի իմաստով բարձր ցուցանիշ է նախագահի, վարչապետի աշխատակազմերի, ԱԺ, կառավարության առումով: Հետաքրքիր է այն, որ աշխատանքի դրական գնահատականի 40 տոկոս ցուցանիշ ունի Սահանադրական դատարանը, որի շուրջ բորբոքվում են հայտնի կրքերը: ՍԴ-ն այդ իմաստով իր աշխատանքի դրական գնահատմամբ գերազանցում է անգամ դատախազությանը, որն իր վարքագծով՝ ի տարբերություն ՍԴ-ի, չի հայտնվել հեղափոխության թիրախում եւ նույնիսկ աշխատում է կոռուպցիոն ու այլ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Իհարկե, ավելին է ՍԴ-ին բացասական գնահատական տվող քաղաքացիների տոկոսը՝ 51, սակայն փաստացի ստացվում է, որ կա դրականի եւ բացասականի շոշափելի մերձություն կամ սահմանակցում, հատկապես նկատի ունենալով այն, որ վերը թվարկված մյուս պետական կառավարման ինստիտուտների պարագայում դրականը ճնշող առավելություն ունի բացասականի նկատմամբ: ՍԴ պարագայում դրականն ու բացասականը բավական մոտ են՝ 11 տոկոս տարբերություն հօգուտ բացասական գնահատականի: Էականն այստեղ այն է, թե հանրային ընկալման ինչպիսի հարաբերակցություն կա, եւ դրանով իսկ ԱՄՆ միջազգային հանրապետական ինստիտուտի հարցումը գուցե անակնկալ ազդակ է ներքաղաքական գործընթացների համատեքստում: Ունի՞ կառավարությունն իրավիճակի իր սոցիոլոգիական պատկերը, ՍԴ շուրջ ծավալվող զարգացումների ֆոնին հանրային ընկալման համատեքստում: Որովհետեւ այստեղ ինդիկատորի էֆեկտը հնարավոր է տարածել ոչ միայն զուտ ՍԴ շուրջ, այլ ընդհանրապես ներքին զարգացումների ընդհանուր տրամաբանության ու տրենդի նկատմամբ հանրության գնահատմանը՝ պարզապես ՍԴ շուրջ իրավիճակի պրիզմայով: Կամա թե ակամա, ԱՄՆ ՄՀԻ կազմակերպությունը որոշակի ազդակ է հղում կառավարող քաղաքական թիմին, հանրային օրգանիզմում առկա առաջնահերթությունների առնչությամբ: Ազդակ, որի տողատակում նշմարվում է կառավարող ուժի հանդեպ հանրային բարձր վստահության շարունակության հանգամանքը, միեւնույն ժամանակ մարտավարական ընթացքի առաջնահերթությունների հարցում ընկալումների եւ շեշտադրումների որոշակի տարամիտումը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
11-12-2019 22:43