Ղազախստանը Բայկոնուրի հողերի մի մասը հետ է վերցրել Ռուսաստանից

12-12-2019 10:31

Ղազախստանի Սենատն օրենք է ընդունել, որով փոփոխություն է կատարվել Ռուսաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև 1994 թվականին ստորագրված պայմանագրում, որը վերաբերում է Բայկոնուր համալիրի վարձակալությանը: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը: Երկու երկրներն այս մասին պայմանավորվածություն են ձեռք բերել 2017 թվականին: Օրենքում կատարված փոփոխությամբ Ղազախստանը մոտ 11.6 հազար հեկտար տարածք, որը վարձակալում է Ռուսաստանը, հետ կվերցնի: Հետ վերցրած տարածքներում Ղազախստանը ենթակառուցվածքային ծրագրեր է իրականացնելու, այդ թվում՝ «Արևմտյան Եվրոպա-Արևմտյան Չինաստան» միջազգային տարանցիկ միջանցքի, Ալմաթա-Մոսկվա երկաթուղու շինարարությունը: Ռուսաստանը Բայկոնուր համալիրը վարձակալում է Ղազախստանից: Այն ներառում է Բայկոնուր քաղաքը և համանուն տիեզերակայանը: Քաղաքում ապրում է 76.5 հազար մարդ: Բայկոնուրի քաղաքապետը նշանակվում է Ռուսաստանի և Ղազախստանի նախագահների հրամանով:

Lragir.am,
12-12-2019 10:31