ԱՄՆ ՄԶԳ մասնագետների հետ քննարկվել են ֆինանսական միջոցների հասանելիության խնդիրները

12-12-2019 10:56

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Արտակ Քամալյանը, Նաիրա Մարգարյանը և նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը հանդիպում են ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ներկայացուցիչների հետ, հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպմանը քննարկվել է մասնավոր հատվածի զարգացման և ֆինանսական միջոցների հասանելիության հետ կապված խնդիրները: Նախարարի տեղակալ Նաիրա Մարգարյանը համառոտ ներկայացրել է փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը միտված պետական քաղաքականությունը և ՓՄՁ ռազմավարության մշակման աշխատանքների ընթացքը: Նա նշել է, որ ռազմավարության հիմքում ֆինանսական միջոցների հասանելիությունն է փոքր ու միջին բիզնեսի համար: Քննարկվել են Հայաստանում առևտրային բանկերի կողմից տրամադրվող ֆինանսավորման մեխանիզմները, սահմանաչափերը և պայմանները: Անդրադարձ է եղել նաև պետական աջակցության գործիքակազմին: Արտակ Քամալյանը ներկայացրել է իր նկատառումները ֆերմերային տնտեսությունների վարկավորման վերաբերյալ և առաջարկել քննարկել գյուղատնտեսության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերում ԱՄՆ ՄԶԳ մասնագետների կողմից ներկայացվող գործիքների կիրառման հնարավորությունը: Արտակ Քամալյանն անդրադարձել է նաև պետական աջակցությամբ իրականացվող գյուղատնտեսական ծրագրերին: Սուսաննա Սաֆարյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի առաջնահերթությունները: Այնուհետև քննարկվել են ԱՄՆ ՄԶԳ հետ հնարավոր համագործակցության ուղղությունները:

Lragir.am,
12-12-2019 10:56