Ռոբերտ Քոչարյանի անկեղծ ափսոսանքը. ինչպես հանձնվեց նա

12-12-2019 11:55

Հրապարակ օրաթերթին տված հարցազրույցում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը արտահայտում է միտք, թե ցավալի է, որ իր նախագահության առնչությամբ մեղադրանքներ են հնչում ոչ այն հարցերի համար, որոնց համար իրապես արժանի է քննադատության եւ կարող է քննադատվել: Ի՞նչ նկատի ունի Ռոբերտ Քոչարյանը, երբ խոսում է իրեն քննադատելու հիմքերի մասին, որոնք նրա կարծիքով մնում են հանրային ուշադրությունից դուրս: Գուցե Ռոբերտ Քոչարյանն օգնի՞ հանրությանը, ցույց տալով, կոնկրետ ասելով, թե ինչի համար է ինքն արժանի քննադատության: Հնարավոր է անել իհարկե տարբեր ենթադրություններ, դիտարկել տարբեր հարցեր ու գործեր, թե ներքին, թե արտաքին, թե տնտեսական, թե քաղաքական, թե անվտանգային հողի վրա: Խոշոր հաշվով սակայն, Ռոբերտ Քոչարյանն ըստ ամենայնի ակնարկում է այն, որ ինքը քննադատության է արժանի իշխանությունից ՀՀԿ-ն հեռացնելու հարցում մինչեւ վերջ չգնալու, հետեւողական չլինելու համար: Իսկ այդպիսի մտադրություն եւ անգամ քայլեր Ռոբերտ Քոչարյանը կատարել է: Նախ, նա չեզոքացրեց ՀՀԿ բացարձակ իշխանությունը եւ ձեւավորեց կոալիցիոն մեծամասնություն՝ ՀՀԿ, ՕԵԿ, ՀՅԴ, որտեղ իհարկե ՀՀԿ-ն գերական էր, սակայն չուներ 50+1 ձայն: Հետո Ռոբերտ Քոչարյանը 2007-08 թվականներին մոտ նախաձեռնեց ԲՀԿ ձեւավորումը, որի նպատակն էր խորհրդարանի ընտրությանը հաղթել ՀՀԿ-ին եւ վերցնել խորհրդարանի մեծամասնությունը: Մի կողմից դա իշխանության պահպանման պլանն էր, մյուս կողմից իհարկե Քոչարյանը շատ լավ էր հասկանում, որ այդպիսով կարող է անել հանրահաճ քայլ, նկատի ունենալով նաեւ այն, որ ստեղծման առաջին տարվա ընթացքում Բարգավաճ Հայաստանն ուներ իրապես մեծ վարկանիշ, հանրային համակրանք՝ Գագիկ Ծառուկյանի թե նյութական, թե ժողովրդական ոոշակի խարիզմայի շնորհիվ: Իսկ 2008 թվականի նախագահի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը դիտարկում էր արտգործնախարար Վարդան Օսկանյանին: Վարդան Օսկանյանն անկասկած ոչ առանց Ռոբերտ Քոչարյանի հավանության շրջանառության մեջ դրեց «երկրորդ սերնդի բարեփոխումների» օրակարգը, հայտարարելով, որ այդ բարեփոխումները պետք է «ցավոտ լինեն էլիտայի համար», ոչ թե հանրության: Սակայն Սերժ Սարգսյանին հաջողվեց խափանել այդ օրակարգն ու քաղաքական ծրագրերը, կամ պարզապես հաղթել իշխանության համար պայքարը՝ Ռուսաստանի օգնությամբ, 2007 թվականի խորհրդարանի ընտրությանը կոտրելով ԲՀԿ-ՀՅԴ դիմադրությունը, որ շարունակվեց մինչեւ կեսօր: Կեսօրից հետո դրության տերը ՀՀԿ-ն էր, իսկ հետո Ռոբերտ Քոչարյանը այցելեց ՀՀԿ գրասենյակ նրանց առաջին բացարձակ հաղթանակը շնորհավորելու համար: Հետո տեղի ունեցան 2008 թվականի արդեն հայտնի զարգացումները, որոնք շարունակություն են, պարզապես էական այլ հանգամանքների «ներմուծմամբ»: Նախագահությունը թողնելու հաջորդ ամբողջ տասնամյակին Ռոբերտ Քոչարյանը փաստացի կիսաբաց պայքար էր մղում Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ դեմ, որը շարունակում է անգամ ներկայում, թեեւ առերեւույթ թվում է, որ նրանք նույն դիրքում են եւ «ձախորդ օրերի ընկերներ» կամ «եղբայրներ» են: Ռոբերտ Քոչարյանն ըստ երեւույթին ակնարկում է, որ իրեն պետք է քննադատել ՀՀԿ-ին դեռ այն ժամանակ իշխանությունից չհեռացնելու  համար, այդ բառի համակարգային իմաստով: Չի բացառվում, որ երկրորդ նախագահն այդպիսով ակնկալում է գուցե այդ քննադատությունն որպես խաղաքարտ օգտագործել հենց ՀՀԿ կամ Սերժ Սարգսյանի հետ հարաբերությունների պարզաբանման ներկայիս բարդ գործընթացում: Միեւնույն ժամանակ, երկրորդ նախագահն ըստ ամենայնի զուտ մարդկայնորեն իրապես ափսոսում է 2007-ին հեշտ հանձնվելու համար: Հետահայաց գնահատելով, նա թերեւս արձանագրում է, որ հետագա իրադարձությունների զարգացումը իր համար պարունակել է շատ ավելի մեծ ռիսկեր, քան 2007-ին նրա գնահատմամբ կարող էին լինել դիմադրելու պարագայում, եւ որոնցից խուսափելու համար նա ընտրել էր հանձնվելը:

Lragir.am,
12-12-2019 11:55