Զինծառայությունից խուսափած անձինք այլևս չեն ազատվի քրեական պատասխանատվությունից

12-12-2019 11:49

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Սահմանված կարգի խախտմամբ ծառայություն չանցած քաղաքացիների մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ պատգամավորների առաջարկած փոփոխությունների՝ բանակից խուսափած անձինք 2020  թվականից հունվարից այլևս հնարավորություն չեն ունենա գումար վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության նիստում ասաց, որ նախագծի համաձայն՝ առաջարկվում է երկարաձգել սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած և 27 կամ պահեստազորի սպայական կազմի համար 35 տարին լրացած քաղաքացիների նկատմամբ օրենքի գործունեությունը տարածելու ժամկետը՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը, ինչպես նաև օրենքն ուժը կորցրած պետք է ճանաչվի 2020 թվականի հունվարի մեկից: Մինչև դեկտեմբերի 31-ը նշված անձինք հնարավորություն կունենան վերադառնալ հայրենիք և վճարելով համապատասխան գումարը՝ ազատվել քրեական հետապնդումից, ասաց Տոնոյանը: Նա ասաց, որ օրենքը հանդիսացել է կոնկրետ ժամանակահատվածում կոնկրետ քաղաքական և տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից խրախուսական ակտ: Սակայն օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց: Դրա հետևանքով, ըստ Դավիթ Տոնոյանի, 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքով սահմանված հարաբերությունների և ժամկետների պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, հետագայում վճարել համապատասխան գումարն ու ազատվել քրեական պատասխանատվությունից: «Դա իրավահավասարության ապահովման սկզբունքի տեսանկյունից արդարացի չէ իրենց սահամանդրական պարտականությունը կատարած քաղաքացիների նկատմամբ: Բացի այդ, չնայած վերջին տարիներին զինվորական ծառայության գրավչության ապահովման գործընթացում կատարված էական փոփոխություններին, զինվորական ծառայությունից խուսափող անձանց թիվը չի նվազում, ինչը մեր կարծիքով՝ կապված է  նաև այս օրենքի առկայության հետ: Պարոն վարչապետ, փաստացի խոսքը գնում է 1992 թվականի մինչև մարտի մեկը ծնված քաղաքացիների մասին, որոնք խուսափել են առաջին անգամ 2010 թվականի ամառային զորակոչից: Պատկերացնում եք՝ մեկը խուսափել է ծառայությունից, և 9 տարի անց մենք սկսում ենք իրեն ազատել: Լրիվ այլ տնտեսական ու քաղաքական պայմաններում ենք գտնվում: Վերոգրյալի համատեքստում կառավարությունը նպատակահարմար չի գտնում խրախուսական բնույթի օրենքի գործողության ժամկետի հետաձգումը՝ այն նույն պայմաններով, որոնք գործում են օրենքով»,- ասաց պաշտպանության նախարարը: «Մենք ըստ էության ասում ենք՝ այս երկար անունով օրենքի երկարացում չի լինելու»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ քաղաքացիներն այլևս չեն կարող գումար վճարել ու խուսափել ծառայությունից կամ քրեական պատասխանատվությունից: Բայց այդ օրենքը շարունակում է ուժի մեջ մնալ մինչև այս տարվա դեկտեմբերի 31 -ը ներառյալ, ասաց վարչապետը: Ըստ նրա՝ այն քաղաքացիները, ովքեր դեռ մտադիր են օգտվել այս օրենքից, այդ հնարավորությունն ունեն: Դավիթ Տոնոյանն ասաց, որ 27 տարին լրացած մոտ 2000 անձ կա այդ կարգավիճակում, իսկ դիմումների քանակը գնալով ավելանում է: «Արձանագրենք, որ այս օրենքն այլևս չի լինելու, չի երկարաձգվելու: Այն գործելու է մինչև 2019  թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ մարդկանց կոչ անելով մինչև դեկտեմբերի 31-ը գալ ու օգտվել օրենքի հնարավորությունից, ինչպես նաև Ամանորը Հայաստանում դիմավորել:

Lragir.am,
12-12-2019 11:49