Կոշկեղեն, տեքստիլ, սնունդ. ռուսաստանյան շուկայում մեծ է հայկական ապրանքների պահանջարկը

12-12-2019 00:48

Ռուսաստանյան շուկայում հայկական ապրանքները շարունակվում են պահանջված մնալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Անդրեյ Բաբկոն: Նա ասաց, որ վերջին շրջանում նկատվում է հայկական արտադրության կոշկեղենի և տեքստիլ ապրանքների շրջանառության ավելացում: «Խորհրդային տարիներից դեռ մարդկանց հիշողություններում պահպանվել է այն, որ հայկական արտադրության կոշիկներն ու տեքստիլը բարձր որակ ունեին, հետևաբար շատերը նախընտրությունը տալիս են հայկական ապրանքներին: Դրանից բացի, ռուսական շուկայում պահանջարկ ունի հայկական արտադրության գյուղմթերքը՝ թարմ և վերամշակված տեսքով»,-ասաց Անդրեյ Բաբկոն: ՌԴ առևտրային ներկայացուցչի խոսքով, շատ կարևոր է ճանապարհային ենթակառուցվածքների բարելավումը: Խնդիր է, երբ ձմռանը Լարսում խցանումներ են, որի հետևանքով բեռնատարները օրերով մնում են ճանապարհին: Խնդրի լուծման, այլընտրանքի դեպքում ապրանքների արտահանման ուղղությամբ անպայման ակտիվացում կլինի:

Lragir.am,
12-12-2019 00:48