ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաժողովին

12-12-2019 13:05

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը դեկտեմբերի   10-ից 12-ը աշխատանքային այցով գտնվում էր Ժնևում՝ մասնակցելու Կարմիր խաչի և Կարմիր մահիկի 33-րդ միջազգային համաժողովին, որի լիագումար նիստի ժամանակ հանդես եկավ ելույթով: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Իր ելույթում Արտակ Ապիտոնյանը ներկայացրեց Հայաստանի մոտեցումները մարդասիրական աղետալի իրավիճակներին դիմագրավելու ուղղությամբ միջազգային հանրության համակարգված գործողությունների իրականացման անհրաժեշտության վերաբերյալ՝ կարևորելով ինչպես մարդու իրավունքների լիակատար իրականացումն անկախ երկրից և տարածքի կարգավիճակից, այնպես էլ ցեղասպանությունների և զանգվածային ոճրագործությունների վաղ կանխարգելումը: Անդրադառնալով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ Հայաստանում իրականացվող ծրագրերին՝ Արտակ Ապիտոնյանը, մասնավորապես, կարևորեց սահմանամերձ շրջաններում բնակիչների անվտանգության և դպրոցների ապահովության բարձրացման, գյուղատնտեսական աշխատանքների շրջանում հրադադարի վերահսկման աշխատանքների շարունակականությունը: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ Հայաստանի Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, որը գալիք տարի կնշի իր հարյուրամյա հոբելյանը: Նա նաև բարձր գնահատեց Կարմիր Խաչի կամավորների ու միսիոներների ջանքերը, որոնք Ցեղասպանության տարիներին փրկել են հազարավոր կյանքեր, հիմնել են որբանոցներ, դպրոցներ ու օգնել կարիքավորներին, կոչ անելով միջազգային հանրությանը ջանք չխնայել օժանդակելու ներկայումս մարդասիրական գործունեությամբ զբաղվող անհատների՝ հատկապես կանանց գործունեությանը: Դեկտեմբերի 11-ին Արտակ Ապիտոնյանը հանդիպում ունեցավ ՄԱԿ փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի պաշտպանության հարցերով օգնական Ջիլլիան Թրիգսի հետ: Կողմերը քննարկեցին դեկտեմբերի 17-ից 18-ը Ժնևում կայանալիք Փախստականների հարցերով առաջին գլոբալ ֆորումին վերաբերող հարցեր, մտքեր փոխանակեցին փախստականներին և տեղահանվածներին առնչվող օրակարգի շուրջ միջազգային համագործակցության վերաբերյալ: ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրեց արդյունավետ ինտեգրման ուղղությամբ Հայաստանի դրական փորձը և գրանցած ձեռքբերումները: Նույն օրը Արտակ Ապիտոնյանը Ժնևում հանդիպեց նաև ՄԱԿ Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրենի աշխատակազմի ղեկավար Դավիթ Չիկվաիձեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձան Հայաստանի և ՄԱԿ Ժնևյան գրասենյակի միջև արդյունավետ փոխգործակցությանը: Այնուհետև ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը, ի պատիվ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալի այցի, կազմակերպեց ընդունելություն, որին հրավիրված էին ՄԱԿ-ի և Ժնևում գործող այլ միջազգային կազմակերպությունների հայազգի աշխատակիցները: Ընդունելությանը ներկա էր նաև աշխատանքային այցով Ժնևում գտնվող ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը:

Lragir.am,
12-12-2019 13:05