Կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ․ ոստիկանության բացահայտումը

12-12-2019 18:35

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների ծառայողները, առանց որևէ ստուգման, ՌԴ նմուշի կեղծ վարորդական վկայականների հիման վրա տրամադրում են հայկական նմուշի վարորդական վկայականներ: Նշվածի վերաբերյալ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են ուսումնասիրություններ, որոնց շրջանակներում ճանապարհային ոստիկանությունից ստացվել են 2019 թվականի հունվարի 1-ից մայիսի 23-ն ընկած ժամանակահատվածում ոչ ազգային վարորդական վկայականների հիմքերը: Դրանց ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ նշված ժամանակահատվածում ՌԴ նմուշի 84 վարորդական վկայականների հիման վրա տրամադրվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ 84 վարորդական վկայականներից 3-ը ՌԴ ոստիկանության կողմից չեն տրամադրվել, և ներկայացված կեղծ վարորդական վկայականների հիման վրա քաղաքացիներին հատկացվել են հայկական նմուշի վարորդական վկայականներ: Ուսումնասիրության նյութերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ 3 քաղաքացու կողմից հնարավոր կեղծ վարորդական վկայականներ ձեռք բերելու և օգտագործելու, ինչպես և դրանք հայկական նմուշի վարորդական վկայականներով փոխարինելու հանգամանքներին քրեաիրավական գնահատական տալու համար: Նշված դեպքերի առթիվ դեկտեմբերի 10-ին ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարոցվել են քրեական գործեր: Կատարվում է նախաքննություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Lragir.am,
12-12-2019 18:35