Արցախի ԱԳՆ ղեկավարը Կասպշիկի հետ քննարկել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքը

13-12-2019 19:58

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես հայտնեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպման ընթացքում քննարկվել է Արցախի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակը: Այս համատեքստում Մասիս Մայիլյանն անդրադարձ է կատարել  նոյեմբերի 29-ին Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի կոպիտ խախտման դեպքին, որի արդյունքում ծանր վիրավորում է ստացել պաշտպանության բանակի զինծառայող Ռաֆայել Ազիզյանը: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ նման միջադեպերը ևս մեկ անգամ վկայում են, որ անհրաժեշտ է կյանքի կոչել հրադադարի ռեժիմի միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրման ուղղությամբ ստանձնած պարտավորությունները: Զրուցակիցները նաև քննարկել են նոյեմբերի 17-21-ը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ կազմակերպված Արցախի Հանրապետությունից, Հայաստանի Հանրապետությունից և Ադրբեջանից լրագրողների փոխայցերի արդյունքները: Մասիս Մայիլյանը կարևորել է այն հանգամանքը, որ նմանատիպ նախաձեռնությունները չպետք է ինքնանպատակ բնույթ կրեն, այլ՝ առավելագույնս նպաստեն կողմերի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը, ինչն առանցքային նշանակություն ունի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմի գործողությունները, մասնավորապես՝ դեկտեմբերի 3-ին Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ-ում տարածված հուշագիրը հակասում են վստահության մթնոլորտի ստեղծմանն ուղղված նախաձեռնությունների տրամաբանությանը:

Lragir.am,
13-12-2019 19:58