Բայց որ կկոտրվի դիմադրությունը, կարող եք վստահ լինել

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիտում հայտարարեց, որ ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է: Նաև նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը տեղի է ունենում ի հեճուկս պետական կառավարման համակարգի: Պարոն Գևորգյան, կառավարության համար այս 1,5 տարին բավարար չէ՞ր կառավարման համակարգը մաքրելու համար: Իհարկե, բավարար չէր, որովհետև պետական կառավարման համակարգ ասելով մենք հասկանում ենք մի քանի հազար մարդ: Եթե ավելի լայնացնենք այդ շրջանակը, որոնք ներգրավված են պետական կառավարման համակարգում ամբողջությամբ, նույնիսկ տասնյակ հազար մարդիկ են դրանք: Փոխել այդ համակարգը ոչ թե 1,2,3,4 այլ 5-6 տարին էլ, կարծում եմ՝ չի բավարարի: Մենք գործ ունենք հազարավոր մարդկանց հետ, որոնք տարիներ շարունակ աշխատել են բոլորովին այլ արժեքային համակարգում ոչ իրենց մեղքով կամ հենց իրենց մեղքով: Նրանք բոլորովին այլ մթնոլորտում են աշխատել, այլ նպատակներ են սպասարկել, այլ նպատակների են ծառայել: Ու հիմա ակնկալել, որ 1,2,3 տարում այդպես արագ 180 աստիճանով կփոխվեն, կընդունեն խաղի նոր կանոնները, այսինքն` ՀՀ օրենսդրությունը, երկրի զարգացման տրամաբանությունը: Դա, իհարկե, չէր կարող տեղի ունենալ: Բայց փոփոխությունները պետք է լինեն և դրանք պետք է հնարավորինս արագ լինեն: Այդ համակարգը վերափոխելու, հոգեբանության, վարքագծի փոփոխության խնդիր ունենք: Իսկապե՞ս պետական ողջ համակարգը դիմադրում է հեղափոխությանը, ինչպես նշում է Փաշինյանը: Արդյոք կառավարման ստորին օղակներում դեռ հին տրամաբանությամբ են գործում: Տեսեք, եթե մարդը պետք է կատարի իրեն տրված հանձնարարությունը, իր աշխատանքից բխող գործառույթները, ասենք 5 փաստաթուղթ պետք է ուսումնասիրի, կարծիք հայտնի, մշակի և այլն: Եթե այդ 5-ից 2-3-ն է անում, դրանով դիմադրո՞ւմ է, թե ոչ: Իհարկե, դիմադրում է: Էլ չեմ խոսում, որ որոշ տեղերում դեռ կա կոռուպցիա, կա կաշառակերություն: Դա խնդիր է, որը լուծելի է, լուծման ընթացքում է: Ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր լուծել այդ խնդիրը: Աշխատավարձի բարձրացո՞ւմն է լուծումը, շատերին աշխատանքից ազատե՞լն է լուծումը: Ո՞րն է ամենաարդյունավետ տարբերակը: Ոչ մեկն էլ բալասան չէ: Ասենք, մենք ասում ենք՝ բոլորին ազատում ենք և հարցերը լուծվում են: Բոլորին ազատելու դեպքում մենք պետք է ունենանք կադրեր, որ գոնե որոշակի գործառույթներ կարողանան իրականացնել: Աշխատավարձի բարձրացումը նույնպես լուծում չէ, որովհետև եթե մարդն անարդյունավետ աշխատող է, մենք վճարելու ենք անարդյունավետ աշխատողին: Այնպես որ, սա տասնյակ բաղադրիչներով խնդիր է, որը պետք է կամաց-կամաց, քայլ առ քայլ լուծել: Որքան արագ, այնքան լավ: Հեղափոխությանը դիմադրելու հենց այդ տրամադրություննե՞րն են ազդում կառավարման համակարգի արդյունավետության վրա: Այնպես չի, որ մարդիկ առավոտյան արթնանում են և ասում են՝ եկեք դիմադրենք հեղափոխությանը: Ուղղակի նրանք իներցիայով ապրում և աշխատում են այնպես, ինչպես աշխատել են տարիներ շարունակ: Խոսքը հենց այդ վարքագիծը կոտրելու, մտածելակերպը ջարդելու մասին է: Մարդիկ պետք է գան աշխատանքի, արդյունավետ կատարեն իրենց պարտականությունները, հասնեն արդյունքի: Վարչապետը հայտարարեց, որ եթե բոլորին աշխատանքից ազատեն, հայտարարեն մրցույթ, միևնույն է, չեն կարողանալու հավաքել այդքան պրոֆեսիոնալների: Այսինքն` կադրային բանկի խնդիր կա: Իհարկե, կադրային խնդիրներ բոլոր երկրներում կան: Մեզ մոտ ուղղակի դա շատ սուր է և հիմա հատկապես սրվել է, որովհետև մենք գործ ունենք կառավարման սկզբունքների, կառավարման տրամաբանության, կառավարման հայեցակարգի արմատական բարեփոխման հետ: Բարեփոխում ենք և այդ կադրերը չունենք: Նորմալ է, որ այդպես է, բայց նորմալ չէ, որ այդպես երկար է տևում, որ շատ է դիմադրությունը: Բայց որ կկոտրվի դիմադրությունը, կարող եք վստահ լինել:

ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
13-12-2019 22:31