Պատերազմի անթոլոգիան

13-12-2019 22:24

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են: 2016 թվականին ես դեռ 19 տարեկան էի: Երբ ծնողներիս կամ տատ ու պապիս տարիքի մարդիկ ինձ պատերազմի մասին էին պատմում, վերջում միշտ ավելացնում էին, որ ես իրենց պատմություններն ամբողջովին չեմ հասկանա, քանի որ պատերազմը չեմ տեսել: Հետո ավելացնում էին՝ Աստված չանի, որ տեսնեմ: Բայց նրանց օրհնանքն ինձ համար չէր, քանի որ 2016-ի ապրիլին ես ևս պատերազմ տեսա: Ինձ պատմված բոլոր պատմություններն ու պատերազմի դրվագները միս ու արյուն ստացան: Հետո այդ պատերազմն էլ ավարտվեց, բայց ոչինչ այլևս առաջվանը չէր: Ինձ պատմություններ պատմելիս ավագներն արդեն տարիքս չէին թերագնահատում․ ես նրանցից մեկն էի դարձել: Կորստի ու անզորության զգացումներն ինձ ևս հասկանալի էին դարձել: Ես էլ  նրանց պատմություններն արդեն ոգևորությամբ, հաճախ նաև կուրորեն, չէի լսում, որովհետև աչքերս արդեն բացվել էին, իսկ պատերազմի կամ հաղթանակի վերաբերյալ ոգևորությունս՝ մարել: Հիմա մտերիմներս, ծանոթներն ու անծանոթներն ինձ հետ ավելի անկաշկանդ են խոսում պատերազմից: Ու միայն հիմա եմ հասկանում, որ պատերազմ տեսած ամեն մարդ մի առանձնահատկություն ունի: Մարդ կա, որ մի դրվագից հարց ես տալիս, սկսում է միայն վատ օրերը հիշել: Կան այնպիսինները, որոնք փորձում են կարծրատիպերդ կոտրել ու նորություններ պատմել, իսկ երրորդները (ու նրանք հիմնականում կռվի ակտիվ մասնակից են եղել) պատերազմի մասին խոսելիս սկսում են զվարճալի դեպքերը պատմել, իսկ կորուստների ու ցավի մասին լռում են, որովհետև նրանց տեսած ցավն ու կորուստն անչափելի են: Հենց այս պատմությունները միասին ստեղծում են ողջ պատերազմի անթոլոգիան՝ իր բոլոր գույներով ու երանգներով: *** Վարյան պատերազմի ժամանակ արդեն երեք անչափահաս երեխաների մայր էր: Կռվի ընթացքում նրանց գյուղն անընդհատ հրետակոծվել է: Վարյան, սակայն, պատերազմին հյուրի պես է ընդունել. չի փախչել, դուռը չի փակել: Նրա միակ նպատակը երեխաներին պաշտպանելն էր: Հենց այդ նպատակով էլ միացել է կռվողներին ու դիրքերում խոհարարություն արել: Վարյան պատերազմից շատ բաներ է պատմում, բայց բոլոր պատմությունների մեջ մահվան հոտ, գույն ու վախ կա: Երևի նրանից է, որ պատերազմի ընթացքում կորցրել է ավագ որդուն, իսկ հարազատ եղբայրն իր աչքի առաջ է վիրավորվել, հետո էլ՝ մահացել: Վարյան մինչև հիմա վախենում է պատերազմ հիշեցնող ամեն ձայնից ու տեսարանից: Պատերազմը նկարագրելիս նա իր տեսածը արյունահեղություններով լի ֆիլմերի հետ է համեմատում: Պարզապես իրեն այդ դրվագներից հեռուստացույցը չի բաժանել, իսկ տեսախցիկը սեփական աչքերն են եղել: *** Երբ պատերազմի մասին շատ պատմություններ ես լսում, թվում է՝ բոլորի պատմածներն իրար նման են, բոլորը նույն կենսափորձն են ունեցել, սակայն կան այնպիսի պատմություններ, որոնք կոտրում են քարացած պատկերացումներդ: Էմմայի պատմածները հենց այդ շարքից են: Շատերը գիտեն, որ մինչև պատերազմը եղել են հայեր ու ադրբեջանցիներ, ովքեր իրար հետ են ամուսնացել: Պատերազմի հետքերով հետաքրքրվածներից բոլորն էլ գոնե մեկ պատմությամբ լսել են, թե կռիվն ինչպես է քանդել այդպիսի ընտանիքները: Այս մասին զրույցները սովորաբար ընդհատվում են այնտեղ, որտեղ պատերազմը գուժում է ընտանիքի ավարտը: Էմմայի պատմությունը, սակայն, հազվագյուտներից է: Նրա ամուսնու քույրը ադրբեջանցու հետ է ամուսնացել: Պատերազմի ժամանակ մեկնել են Բաքու ու մինչ օրս էլ ապրում են այնտեղ: Էմման պատմում է, որ ամուսնու մյուս քույրերը ընտանիքներով մեկնում են Վրաստան, որպեսզի քրոջը տեսնելու հնարավորություն ունենան… Այդպես ամեն տարի: Այսպիսի դեպքեր ամեն օր չես լսի, իսկ Էմման վստահ է, որ Ղարաբաղում էլ շատ ադրբեջանցիներ կան հիմա, ովքեր չեն թողել իրենց ընտանիքներին ու չեն հեռացել: Ես զարմացած նայում եմ, իսկ Էմման կիսահռետորական հարցնում. «Ուրանց հետե ապրումըն, հուվ ա՞ հյուր հինչ անում, հանգիստ ապրումըն»: Հետո փորձում է իմ զարմանքը մեղմել ու ասում. «Նդեղ (Բաքու) շատ հայեր կան թորքու քեցած»: Ես հասկանում եմ, որ Էմմայի տալը միակը չէ, ով անգամ այսօր շարունակում է ապրել Ադրբեջանում, ու զարմանքս ավելի է խորանում: Հետո մտածում եմ, որ ես էլ կուզեի Բաքուն տեսնել, ի՞նչ կա որ: Քաղաք է էլի, երևի Մոսկվայի պես է, միգուցե Թբիլիսիի՞ն է նման: Չգիտեմ… Երևի չեմ էլ իմանա… *** Պատերազմի մասին պատմություններում հումորն ու ծիծաղը հազվադեպ են հանդիպում: Դրանց մասին պատմում են Աշոտի նման մարդիկ, ովքեր կռվի բովում գրեթե կորցրել են սեփական կյանքը, ու քանի որ այլ դրվագներով չեն կարող կիսվել (երևի որովհետև վերքերն այդպես էլ չեն փակվել), ուրախ պահերի մասին են պատմում: Աշոտն իրենց մոտ բերված առաջին տանկի վարորդն է եղել: Քաղաքում բացի իրենից ևս 8 տանկիստ կար, սակայն բոլորը հրաժարվել էին վարել նոր ստացած տեխնիկան: Աշոտը, չնայած բարդությանը, որոշ ժամանակ միայնակ է վարել տանկը, սակայն հետագայում հաշվարկը համալրվել է նաև մտերիմներով: Շատ չանցած՝ տանկը խփվել է: Աշոտը փորձել է փրկել ընկերներից մեկին՝ նրան տանկից հանելով: Ինքն էլ ինքնուրույն դուրս է եկել մեքենայից, հետո է միայն պարզվել, որ մարմնի 70%-ն այրված է եղել: Այդ միջադեպի պատճառով զոհվել են Աշոտի մտերիմ ընկերները: Այս պատմությունը, սակայն, Աշոտը չի պատմում: Դրա մասին նրա զարմիկից ու զարմուհուց եմ լսել: Աշոտը ծխախոտի պակասից էր խոսում: Պատմում էր, որ որ մի անգամ հազիվ ծխախոտ էր ընկել ձեռքները, բայց կրակ չունեին: Տղաներով ամեն ինչ փորձել են, որ կրակ ստանան ու ծխախոտը վառեն, նրանցից մեկն անգամ կես պահեստատուփ փամփուշտ էր կրակել խոտի դեզի վրա, բայց դեզը այդպես էլ չէր բռնկվել. բախտի հարց է: Երկար չարչարվելուց հետո, սակայն, մեկ այլ դիրքից լուցկի են ուզել ու վառել այդքան ցանկալի ծխախոտը: Մի անգամ էլ, իրենց ընկերոջը դիրքում պառկած են գտել: Մտածել են, թե պատահական գնդակից մահացել է: Սկսել են որոշել, թե ով պիտի զոհվածի կնոջը հասցնի մահվան լուրը: Որոշելու ընթացքում, սակայն, տղան քնի մեջ դիրքը փոխել է: Միայն այդ ժամանակ են հասկացել, որ մահացած չէ. խորը քնած է: Պատերազմում զինվորները մահվան դեմ են կռվում: Աշոտի նման մարդիկ երևի տեսածներից ու զգացածից հետո (հետո ինչ, որ խնամքով թաքցնում են) խորը քունն ու մահը հաճախ են իրար հետ շփոթել: Աշոտը իր պատմություններում շատ է խոսում իրենց ջոկատի միակ կնոջից՝ Անուշից: Անուշը ինքնաձիգը պատահական էր գտել ու որոշել էր, որ միանում է տղաներին: Նրան չէին մերժել: Սակայն, կնոջ ներկայության անհարմարությունը հենց առաջին օրն էին զգացել: Իսկ միակ անհարմարությունը հայհոյել չկարողանալն էր: Դե հայ տղամարդիկ ինչպե՞ս կարող են կնոջ մոտ հայհոյել: Չնայած որ տղաներով գաղտնի պայմանավորվել էին Անուշի ներկայությամբ չհայհոյել, կռվի ընթացքում հաճախ էր լինում, որ խոստումն ու պայմանավորվածությունը դրժում էին, իսկ հետո՝ ամաչում: Անուշն էլ, ուժեղ ու համառ լինելուց զատ, նաև խելացի կին էր: Հերթական անգամ ինքն էլ էր միացել հայհոյանքին, տղաներին զարմացրել, այնուհետև հորդորել, որ չամաչեն. կռվի դաշտում առանց հայհոյանքի չի լինի: Ու ինչքան էլ գիտեմ Աշոտի իրական պատմությունը, սակայն նրա՝ բազմաթիվ սպիներով դեմքին ու ձեռքերին նայելիս ամեն անգամ այրվող տանկի փոխարեն հենց այս երեք պատմությունն եմ հիշում: *** Պատերազմի մասին պատմությունները բազմազան են, բայց եթե ինձ հարցնեք, կասեմ, որ խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ կհիշվեն ու կգրվեն դրա մասին բոլոր պատմությունները՝ դրանցով կամրջելով երկու կողմերի մարդկանց կյանքերն ու ճակատագրերը: ԼԱՐԻՍԱ ԱՎԱԳՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
13-12-2019 22:24