Հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները կկարողանան անվճար այցելել մշակութային կենտրոններ

13-12-2019 22:48

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների միջև առաջիկայում կստորագրվի համատեղ հուշագիր՝ համաձայն որի 2020 թվականի հունվարի կեսից հաշմանդամություն ունեցող անձինք և տարեցները հնարավորություն կստանան անվճար այցելել պետական մշակութային կենտրոններ: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Տարվա ընթացքում նրանք կարող են դիտել օրինակ՝ 48 ներկայացում, ամսվա ընթացքում գրեթե 2 անգամ հաճախել թանգարաններ: Նախկինում նմանատիպ համաձայնագիր ստորագրվել էր ՀՀ մշակույթի նախարարության հետ, սակայն տեխնիկական խնդիրներ կային, տոմսերի տրամադրման, հավաքագրման, բաժանելու պայման կար: Այժմ նման բան չի լինելու»,- նշեց Բաթոյանը: Նրա խոսքով՝ տարեցները և հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես կարող են մոտենալ թանգարաններ, թատրոններ  և ցույց տալ անձնագիր՝ տարիքը հաստատելու համար և, եթե կարիք լինի, հաշմանդամության հաստատման փաստաթուղթ:

Lragir.am,
13-12-2019 22:48