ԱՄՆ Սենատը սրել է Ռուսաստանի վախերը 2021-ին ընդառաջ

13-12-2019 23:22

ԱՄՆ Սենատում թիվ 150 բանաձեւի ընդունումը, ավելի վաղ ԱՄՆ 49 նահանգների ու Ներկայացուցիչների պալատի ճանաչմամբ ամբողջացրեց ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: ԱՄՆ անկասկած դրանով չի սպառել «հայկական հաղթաթուղթը» Թուրքիայի հետ իր բարդ հարաբերություններում, քանի որ, ինչպես նշում է թուրք հայտնի գրող ու հրապարակախոս Թաներ Աքչամը, կարող է տեղի ունենալ Աբնկարայի համար ամենասարսափելին՝ ամերիկյան դատարաններում Թուրքիայում հայերի եւ այլ ժողովուրդների սեփականության հայցերի քննությունը: Իր հերթին, ԱՄՆ Սենատի բանաձեւը խնդիրների առջեւ է կանգնեցնում հայկական հարցի մյուս գլխավոր «շահառուին»՝ Ռուսաստանին: Թե Ներկայացուցիչների պալատի, թե Սենատի բանաձեւերի կապակցությամբ ռուսական պետական քարոզչական արձագանքներից նկատելի է զգալի շփոթվածություն ու դիսկոմֆորտ: Ընդ որում, մի ժամանակաշրջանում, երբ ռուսական պետական քարոզչությունը շարունակում է անզուսպ հակահայ արշավը, Լավրովը Ղարաբաղում հայկական կապիտուլյացիայի պլանով ժամանում է Երեւան, գազային օղակը սեղմվում է պարբերաբար: Վերադառնալով ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերի ռուսական արձագանքներին, պետք է նշել, որ դրանք երկու դեպքում էլ ներկայացվեցին բացառապես թուրքական տեսանկյունից, կազմակերպելով հակահայ ոգով մեկնաբանություններ: Ռուսաստանի պահվածքը հասկանալի է: ԱՄՆ ճանաչման ֆոնին ոչ միայն ընդգծվում է Հայաստանի հանդեպ մեղմ ասած ոչ բարեկամական քաղաքականությունը, այլեւ հայ հանրության մոտ հարցեր են առաջանում՝ կապված 1917-1923 թթ. իրադարձությունների հետ: Ինչպես գրում է քաղաքագետ Պավել Դալլաքյանը, «ՌՍՖԽՀ եւ ԽՍՀՄ կառավարությունները հայ ժողովրդի նկատմամբ իրականացրել են գործողությունների այնպիսի մի համալիր, որը հանգեցրել է Օսմանյան կայսրությունում հայոց ցեղասպանության հետեւանքների իրավական ամրագրմանը եւ դրանց փաստացի անդառնալի բնույթ հաղորդել: Այդ գործողությունները դրդել են, ֆինանսապես եւ նյութապես, ինչպես նաեւ ռազմական ուղղակի ղեկավարման եղանակով աջակցել Հայաստանի Հանրապետության հանդեպ երրորդ կողմի ագրեսիային, Հայաստան պատմական մարզի տարածքի օկուպացիային եւ օտարմանը: Հայկական անկախ պետականության ջախջախումը նպատակ ունենալով, Ռուսաստանը նաեւ ինքն է դիմել երրորդ կողմի հետ համատեղ ագրեսիայի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ հանգեցնելով երկրի տարածքի մասնատման եւ զգալի մասի օտարման, էթնիկ ծագումի հայտանիշով հարյուր հազարավոր խաղաղ մարդկանց սպանության եւ ցրման»: Սա կոչվում է ցեղասպանություն: Իսկ այս քաղաքականությունն «ամրագրող» ռուս-թուրքական 1921 թ. պայմանագիրը սպառնալիքի տակ է պահում հայկական պետականությունը բոլոր առումներով: ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների ակտերից հետո օրակարգի հարց է դառնում 1917-1923թթ. հայոց ցեղասպանության ճանաչումը, իր հետ ունենալով նաեւ հատուցման խնդիրը, մասնավորապես՝ Ղարս-Արդահան եւ Արարատ, բայց նախեւառաջ՝ Նախիջեւան: Բացի այդ, քանդվում է մի ողջ առասպելաբանություն, եւ իրական ռեժիմ է մտնում հայ-ռուսական հազարամյա հարաբերությունների վերաիմաստավորումը: Սա ԱՄՆ ճանաչման ակտի հետեւանքների մի մասն է միայն, խորքային առումով՝ այն առնչվում է նաեւ Ռուսաստանի ապագային 2021-ին՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ: Այս խնդիրներին դեռ կանդրադառնանք:

Lragir.am,
13-12-2019 23:22