Տեղի ունեցավ Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը

14-12-2019 22:44

Այսօր Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում տեղի ունեցավ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական մրցույթի դափնեկիրների եզրափակիչ գալա համերգը և երգչուհու ծննդյան 95-ամյա հոբելյանական հանդիսությունը: Մրցույթը կայացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ինչպես նաև Հայաստանի երաժշտական ընկերության, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջանքերով: Մրցույթի անցկացման նպատակը դասական երաժշտարվեստի ոլորտում տաղանդավոր երգիչ-երգչուհիների բացահայտումն է, նրանց մասնագիտական ներուժի խթանումը: Քիչ առաջ պարզ դարձավ, Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի մենակատար, սոպրանո՝ Էլեն Եզիազարյանը հաղթել է Գոհար Գասպարյանի անվան մեներգիչների համահայկական  8-րդ մրցույթում՝ գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը: Իսկ ծրագրի մեկ այլ մենակատար, տենոր՝  Տիգրան Հակոբյանը արժանացել է  երկրորդ պատվավոր մրցանակին: Մրցույթի առաջին մրցանակակիր Էլեն Եղիազարյանի խոսքերով սա շատ պատասխանատու մրցանակ է իր համար, քանզի այն մեծանուն երգչուհու անունն է կրում և իհարկե պատվաբեր է, քանզի համահայկական դասական երգեցողության բնագավառում է ստացել այն ստացել: Իհարկե այս մրցանակը չէր լինի, եթե չլիներ այն համապարփակ ուսուցումը, որը նա ստացել է Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայի դասախոս Կարինե Կարապետյանի դասարանում և այնուհետև մասնագիտորեն  կատարելագործվել Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագրի շրջանակներում, որի ղեկավարն է Լևոն Ջավադյանը: Էլեն Եղիազարյանը այս հաղթանակից առաջ, որպես Օպերայի երիտասարդական ծրագրի մենակատար ևս մեկ նշանակալից ձեռքբերում էր ունեցել․ ՌԴ Յարոսլավլ քաղաքում մասնակցելով «Վյատսկոե» միջազգային մրցույթին՝ արժանացել էր երկրորդ մրցանակին:   Իսկ տղամարդկանց ձայներում մրցույթի երկրորդ մրցանակակիր Տիգրան Հակոբյանի խոսքերով սա իր կյանքում նշանակալի ձեռքբերում է և շատ թանկ մրցանակ և նա վստահ է, որ այն նոր դռներ է հարթելու իր ստեղծագործական կյանքում: Տիգրան Հակոբյանը, որպես Օպերայի երիտասարդական ծրագրի մենակատար հասցրել է արդեն մի քանի անգամ ելույթ ունենալ մայր թատրոնի բեմում՝ կատարելով Արամի դերերգը Տ․ Չուխաջյանի «Կարինե» օպերետում և մասնակցել է երիտասարդական ծրագրի կողմից նախաձեռնված մի շարք դասական համերգների և վարպետաց դասերի: Հիշեցնենք, որ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական ծրագիրը գործում է շուրջ 4 տարի և ինչպես իր գործունեության սկզբում, այնպես էլ հիմա շարունակում է  խթանել  տաղանդավոր երիտասարդների մասնագիտական ուսուցմանը և  նպաստել նրանց  միջազգային հաջողությունների կայացմանը: Ծրագրի մասնակիցները  մինչ օրս մրցանակներ են ստացել ավելի քան 21  հեղինակավոր մրցույթներում և յուրաքանչյուր հարթակում պատվով ներկայացրել Հայաստանի Հանրապետությունը և հայ վոկալ դպրոցը: Ծրագրի շնորհիվ շուրջ 25 երիտասարդներ ստացել են մասնագիտական կրթություն, մասնակցել մի շարք դասական համերգների, բազմաթիվ դերերգերով հանդես եկել օպերային թատրոնի բեմում: Ծրագրի կարևոր ձեռքբերումներից է ժամանակակից միջազգային վոկալ դպրոցների հետ հաղորդակցումը, միջմշակութային ոլորտային կապերի ամրապնդումը, որի շրջանակերում Հայաստան են հրավիրվում վոկալ մասնագետներ աշխարհի ամենատարբեր երկրներից և վարպետության դասերի միջոցով կենսունակ դարձնում ծրագրի մասնակիցների երգեցողությունը: Արդեն մի քանի տարի է, ինչ Օպերայի երիտասարդական ծրագրի վոկալ խորհրդատուն ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Զաքյանն է, իսկ կոնցերտմայստերը՝ Հասմիկ Անտոնյանը: Ծրագրի բոլոր մասնագետների և մասնակիցների միահամուռ ջանքերի շնորհիվ այն  օր օրի կայանում է և ձեռք բերում իր կայուն տեղը հայկական դասական երաժշտարվեստի իրականության մեջ: Ծրագրի մենակատարների այսօրվա հաղթանակը այս ամենի ամենաառանցքային ապացույցն է:

Lragir.am,
14-12-2019 22:44