1921 թ. ռուս-թուրքական պայմանագրին փոխարինող նոր պայմանագիրը

Վերջին մեկուկես ամիսների ընթացքում ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատներում հայերի ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւերի ընդունումն անկասկած իր խորքային ազդեցությունն է թողնելու ոչ միայն ամերիկա-թուրքական հարաբերության վրա, այլ նաեւ ռուս-թուրքական, ամերիկա-ռուսական հարաբերության, կամ ընդհանուր առմամբ աշխարհքաղաքականության կովկասյան մեծ շրջանակի վրա: Կոնգրեսի բանաձեւերի ընդունումը անշուշտ որպես քաղաքական քայլ եւ իրողություն հասունացել է ընթացիկ իրադարձությունների արդյունքում, սակայն որպես քաղաքական զարգացում իր տրամաբանության մեջ կրում է թերեւս Կովկասի ամբողջ հետխորհրդային ժամանակաշրջանի տրանսֆորմացիայի ազդեցությունը: Հետխորհրդային շրջանը անխուսափելի պետք է բերեր ԱՄՆ համար Թուրքիայի դերի վերանայման, ընդ որում ակնհայտորեն դեպի նշանակության նվազման միտում: Այդ հանգամանքը զգում էր նաեւ թուրքական էլիտան, եւ այնտեղ իշխանության գլուխ եկած Էրդողանի հավակնոտ եւ ինքնուրույն քաղաքականությունը պայմանավորված էր նաեւ հենց այդ՝ ԱՄՆ համար Թուրքիայի դերի անխուսափելի նվազման սպասումով: Դրա առաջին եւ խոշոր ազդակը հայկական հաղթանակն էր Արցախում, որ տեղի ունեցավ նվազագույնը չխանգարելու, եւ որոշակիորեն նաեւ օժանդակելու աշխարհքաղաքական նկատելի կոնսենսուսի պայմաններում: Այդտեղ էական դեր խաղաց հանգամանքը, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Ռուսաստանը չափազանց թույլ էր: Հետագա տարիներին սակայն, մի կողմից հայկական էլիտան անընդունակ գտնվեց տեղի ունեցող իրողությունները համարժեք գնահատելու հարցում, զուգահեռաբար  Ռուսաստանում աստիճանաբար սկսվեց ներքին կարծրացում: Երկու այդ էական իրողությունների համադրումը բերեց հայկական սուբյեկտության չեզոքացման եւ հայերի արցախյան հաղթանակով փաստորեն խախտված ու չեղարկված ռուս-թուրքական Մոսկվայի պայմանագրի վերակենդանացման: Մոսկվայում հաստատված էլիտայի, նաեւ Անկարայի եւ Բաքվի ջանքով կազմակերպված գրոհը՝ 2016-ի ապրիլին, հայկական բանակը խափանեց ինքնիշխան կամքով, հանրային կամային աջակցությամբ: Էապես փոխված իրավիճակը քաղաքական առումով կապիտալիզացնելը սակայն վեր էր Հայաստանում գործող իշխող համակարգի ուժերից, հաշվի առնելով դրա բարոյական եւ ֆիզիկական մաշվածությունն ու բնույթը: Իրավիճակը փոխեց թավշյա, անարյուն փոփոխությունը, որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին, այդպիսով կապիտալիզացնելով 2016-ի ապրիլի հայկական բանակի հաջողությունը: 2018-ի հոկտեմբերին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնը Մոսկվայից սկսած ռեգիոնալ այցով արձանագրեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունը կարող է ունենալ վստահելիության որոշակի աստիճան: Բոլթոնի այդ արձանագրումը ամերիկյան զենքի մասին առաջարկն էր, որն անկասկած պարունակում էր ավելի լայն քաղաքական այլաբանական շերտավորում: Դրան զուգահեռ, Հայաստանի նոր իշխանությունը որեւէ կերպ կասկածի տակ չդնելով Ռուսաստանի հետ դաշնակցային, գործընկերային հարաբերությունը, միաժամանակ դրեց Մոսկվային ռեգիոնալ անվտանգության հարցում պատասխանատվության տակ եւ հայտարարեց, որ եթե Ռուսաստանը կասկածի Հայաստանին, ապա նույն իրավունքը ունի նաեւ Հայաստանը: Խոշոր հաշվով, ԱՄՆ քաղաքական իսթեբլիշմենտում հասունացած հայկական հարցի նոր մակարդակը այդ իրողությունների տրամաբանական արձանագրումն է կամ այսպես ասած նախնական «փաստաթղթավորումը»: Շարունակությունն ըստ ամենայնի զգալիորեն կախված է լինելու այն բանից, թե որքան արդյունավետ Ռուսաստանի առաջ հայկական էլիտաները կբարձրացնեն հայերի արյան եւ սուբյեկտության հաշվին կնքված ռուս-թուրքական մոսկովյան պայմանագրից հրաժարվելու խնդիրը՝ որպես Թուրքիայի հետ հարաբերության եւ ռեգիոնալ քաղաքականության բազա: 2021 թվականին լրանում է պայմանագրի 100-ամյակն, ու կողմերը հետագա ընտրության առաջ են: Մոսկվան կամ ընտրում է պայմանագիրը շարունակելը, իսկ դա նշանակում է ընտրել Հայաստանի դեմ նոր պատերազմի ճանապարհ՝ դրանից առաջին հերթին հենց Ռուսաստանի համար բխելիք ծանրագույն հետեւանքով, կամ ընտրում է ռեգիոնից հեռանալու տարբերակը, կամ ընտրում այսպես ասած ամերիկա-ռուսական պայմանագիրը՝ ոչ թե Հայաստանի հաշվին, այլ Հայաստանի վրա հենված: Դա կլինի ռեգիոնում ռուսական ներկայության եւ դերի պահպանության պայմանագրային միակ հուսալի բազան եւ հենքը, երբ Մոսկվան Անկարայի առաջ հայկական սուբյեկտությունը չեզոքացնելու փոխարեն, Վաշինգտոնի առաջ կստանձնի հայկական սուբյեկտության աջակցման եւ անվտանգության գործընկերության պատասխանատվություն, որպես ռեգիոնալ կարեւոր դեր եւ հեռանկար նաեւ ռուսական պետության պահպանման համար:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
14-12-2019 23:41