ՀՀ նախագահը «Կատար Էյրվեյզ»-ի ղեկավարի հետ քննարկել է համագործակցության ընդլայնման հեռանկարները

15-12-2019 17:35

Կատարի Պետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրեն Աքբար Ալ Բակերի հետ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի հետ ընկերության համագործակցության ընդլայնման հեռանկարները: Ողջունելով երկու բարեկամ երկրների միջև «Կատար Էյրվեյզ»-ի կողմից ուղիղ օդային կապի ապահովումն ու հաջող գործունեությունը՝ նախագահ Սարգսյանն առաջարկել է քննարկել չվերթների ավելացման, ինչպես նաև Հայաստանը որպես տարանցիկ չվերթների իրականացման ուղղություն դիտարկելու հնարավորությունը: «Կատար Էյրվեյզ» ընկերության գործադիր տնօրենը պատրաստակամություն է հայտնել ուսումնասիրել մեր երկրի հետ փոխգործակցության ընդլայնման ուղղությունները՝ նշելով, որ երկու ժողովուրդների, ինչպես նաև նախագահ Սարգսյանի և Կատարի Պետության էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի ջերմ բարեկամական հարաբերությունները լավ հիմքեր են ստեղծում հետագա գործակցության համար: Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ընկերության գործունեության, խնդիրների և առաջիկա ծրագրերի շուրջ:

Lragir.am,
15-12-2019 17:35