ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողովը նախագահի թեկնածու է առաջադրել Դավիթ Իշխանյանին

15-12-2019 18:25

ՀՅ Դաշնակցության Արցախի Արտակարգ Շրջանային ժողովը, քննելով 2020 թվականի համապետական ընտրություններին ՀՅ Դաշնակցության մասնակցության հարցը և ամփոփելով միասնական օրակարգի շուրջ համաձայնեցված թեկնածու առաջադրելու նպատակով ՀՅԴ Արցախի ԿԿ-ի իրականացրած բանակցությունների արդյունքները, որոշեց առաջիկա համապետական ընտրություններում ՀՅ Դաշնակցության նախընտրական ծրագիրը հիմնել հետեւյալ դրույթների վրա. -Արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացում ապահովել ԱՀ Սահմանադրության 175-րդ հոդվածի անվերապահ իրագործումը, -Հայաստան-Արցախ ռազմավարական դաշինքի իրավապայմանագրային ամրագրումը, -սոցիալական արդարության, մարդու իրավունքների պաշտպանության եւ օրենքի գերակայության վրա հիմնված ներազգային համերաշխության ապահովումը, -կոռուպցիայի եւ հովանավորչության դեմ անզիջում պայքարի իրականացումը, -զսպումների եւ հակակշիռների մեխանիզմների ներդրմամբ պետական համակարգի հավասարակշռման, անմիջական ժողովրդավարության ընդլայնմանն ու ամրապնդմանն ուղղված՝ Արցախի Հանրապետության նոր Սահմանադրության ընդունումը, -վերաբնակեցման համակարգված, լայնածավալ եւ հետեւողական իրականացումը, -«Ազգ-բանակ» հայեցակարգի հիման վրա պաշտպանության եւ անվտանգության  համակարգի կատարելագործումը: Նախընտրական ծրագրի վերոնշյալ դրույթների իրականացման եւ այս առաջնահերթությունների շուրջ հանրության համախմբման նպատակով Ժողովը որոշեց Արցախի Հանրապետության նախագահական ընտրություններին մասնակցել սեփական թեկնածուով և նախագահի թեկնածու առաջադրել Դավիթ Իշխանյանին: Խորհրդարանական ընտրություններին Հայ Յեղափոխական Դաշնակցությունը մասնակցելու է առանձին ցանկով: ՀՅԴ Արցախի Արտակարգ Շրջանային Ժողով

Lragir.am,
15-12-2019 18:25