Ռուբեն Հայրապետյանը հետեւեց Սերժ Սարգսյանին

15-12-2019 22:08

Եթե հայկական ֆուտբոլին իմ ձերբակալությունը օգուտ կտա, խնդիր չկա, թող ձերբակալեն, հայտարարել է Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Նրան մեղադրանք է ներկայացվել քրեական գործով, օրերս նրա տանը խուզարկություն է եղել: Ռուբեն Հայրապետյանն իր դեմ այս գործողությունները կապել է ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրության հետ: Ավելի վաղ, նման մի հայտարարություն արել էր Սերժ Սարգսյանը: Անդրադառնալով այն խոսակցություններին, որ իրեն հնարավոր է ձերբակալեն, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ եթե ժողովուրդը դրանից իրեն երջանիկ կզգա՝ թող ձերբակալեն: Փաստորեն, Ռուբեն Հայրապետյանը կրկնում է Սերժ Սարգսյանին, բայց իր՝ ֆուտբոլային ոլորտում: Այդպիսով, նա «հաջորդ կյանքում» էլ մնում է Սերժ Սարգսյանի կողքին ու հետեւում է նրան, ինչպես նրա իշխանության տարիներին: Ինչպես ասել է Արամ Զավենիչը, Ռուբեն Հայրապետյանը տարբերվում է մյուսներից, քանի որ տեսակետ ունեցող մարդ է ու չի փոխում իր հայացքները: Եվ իսկապես, մյուսներն այդպես չեն վարվել: Օրինակ, նախկին գյուղնախարարը, ում ՀՀԿ-ն մեղադրում է դավաճանության մեջ, չի ասել՝ եթե իմ ձերբակալությունն օգուտ կտա լոլիկի ու սմբուկի լավ աճին, խնդիր չկա, ձերբակալեք: Նա, ըստ ՀՀԿ-ի, ցուցմունք է տվել Սերժ Սարգսյանի դեմ, որից հետո նախկին նախագահին մեղադրանք է ներկայացվել 500 միլիոն դրամի դիզվառելիքի գործով: Դժվար է ասել, էլ ովքեր են «դավաճանական ցուցմունքներ» տվել, բայց ոմանք կարծես թե գերադասել են վերադարձնել գույք, փող եւ ազատվել քրեական հետապնդումից: Նրանք կարող էին պարզապես Ռուբեն Հայրապետյանի նման հետեւել շեֆին: Ճիշտ է, աչքի առաջ է «քաղբանտարկյալ» դառնալու հեռանկարը, բայց դե ընտրության հարց է՝ պանյատների կուռ տրամաբանությամբ… Ասում են խորհրդային տարիներին գողերը հարգում էին քաղաքականներին: Հայաստանի նախորդ ռեժիմի դեպքում սակայն կա մի էական հանգամանք՝ գողականն ու քաղաքականությունը սերտաճել էին, գցելով թե մեկի, թե մյուսի «հարգը»՝ համապատասխան հետեւանքներով:

Lragir.am,
15-12-2019 22:08