ԱՄՆ Սենատի հայկական բանաձեւից հետո Պուտինն արտասվել է

16-12-2019 09:25

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին ռուսական արձագանքները հետաքրքիր էին: Դրանք ընդհանուր առմամբ մատնում էին Մոսկվայի շփոթվածությունը, քանի որ թերեւս վստահ էին, որ ԱՄՆ-ն չի գնա այդ քայլին: Ավելին, երբեմն հայերին նույնիսկ հիշեցնում էին, Հայաստանի հանդեպ ՌԴ վարվող քաղաքականության արդարացման համատեքստում, որ ՌԴ Պետական Դուման ճանաչել է ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն ընդամենը շահարկում է այդ հարցը: Պետք է նշել, որ 1995 թ. Հայերի ցեղասպանության ճանաչումից հետո Մոսկվան Անկարային անմիջապես հավաստիացրել է, որ դա հետեւանքներ չի ունենալու, եւ 1921 թ. պայմանագիրն ուժի մեջ է: Գանք ռուսական արձագանքներին: Ընդհանուր առմամբ, տեղեկությունը ներկայացվեց բացառապես թուրքական բողոքի ու դժգոհությունների տեսանկյունից: Ռուսական մամուլում լայնորեն տարածվեց թուրքական ժխտողականության արշավը, համեմված Անկարան եւ Բաքուն ներկայացնող մեկնաբանների «հայկական զեղծարարություն», «կեղծիք» եւ նման այլ ձեւակերպումներով: Մոսկվայի նման արձագանքը հասկանալի է՝ Ռուսաստանը հայերի 1915-1923 թթ. ցեղասպանության, հայրենազրկման ու տեղահանման «շահառուն» է Թուրքիայի հետ միասին, եւ ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների բանաձեւերը խնդրի առաջ են կանգնեցնում Մոսկվային, Հայաստանի հանդեպ վարվող քաղաքականության մասով: Այս ֆոնին, ռուսական շփոթվածության ուշագրավ օրինակ է ԱՄՆ Սենատում Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ ռուսական առաջատար թերթերից մեկի հոդվածը, որն ավարտվում էր հետաքրքիր դիտարկմամբ: Ըստ այդմ՝ ՌԴ նախագահ Պուտինը հայտարարել է, որ մտահոգ է Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների վիճակով: Նա ասել է, որ ողջ Ռուսաստանը եւ անձամբ ինքը արցունքն աչքներին եւ հետեւում դրան: Նա ասել է, որ քրիստոնյաները զանգվածաբար լքում են Մերձավոր Արեւելքը, եւ դա չի կարող չմտահոգել: 100 տարի առաջ մի քրիստոնյա ազգ՝ հայերը, Օսմանյան Թուրքիայում զանգվածաբար սպանվեց ու տեղահանվեց իր բնօրրանից: Ընդ որում, արդեն Սովետական Հայաստանի տարածքում Ռուսաստանի գործուն աջակցությամբ ու մասնակցությամբ սպանվել ու Ռուսաստանի խորքերն են քշվել հարյուր հազարավոր ցեղասպանությունից մազապուրծ հայեր: Դա երաշխիք էր Թուրքիային, հայոց ցեղասպանության հետեւանքների իրավական ամրագրումը: 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրով Հայաստանի տարածքները հանձնվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, Ռուսաստանը պարտավորվեց չեզոքացնել հայկական գործոնը: Հետաքրքիր է՝ Պուտինը կարտասվի՞ այս կապակցությամբ: Առավել եւս, որ Մերձավոր Արեւելքում ներկայիս իրադարձություններն ուղիղ առնչություն ունեն 100 տարի տեղի ունեցածի հետ, երբ ոչնչացվեց հայկական գործոնը, որում իր մեծ ներդրումն ունի Ռուսաստանը, եւ որը ներկայում «հանձնվել» է Թուրքիային իր այդ քաղաքականության արդյունքում: ԱՄՆ ճանաչման ակտը խորքային առումով առնչվում է նաեւ Ռուսաստանի ապագային 2021-ին՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակին ընդառաջ: «Արտասվելու» առիթներ դեռ կլինեն:

Lragir.am,
16-12-2019 09:25