Մի կյանքի օրագիր

20-12-2019 21:49

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են: Նախաբան Երբ հետ ես նայում ապրածդ տարիներին, ի՞նչ ես մտածում․․․ Ես այս հարցից հետո կյանքիցս տարբեր դրվագներ եմ հիշում, վերապրում: Մարդու կյանքն ապրած տարիների քանակը չէ, այլ ունեցած կենսափորձի և հիշվող դրվագների համադրությունն ու ամբողջությունը: Եթե կյանքը նկարագրելու լինենք, օրագիր կստացվի, որտեղ ամեն օրը ոչ թե ամսաթիվ է, այլ ապրածի կամ զգացածի թողած հետքը: Հենց դա է պատճառը, որ կյանքին հայացք գցելիս ոչ թե ապրածդ ամեն օրն ես հիշում, այլ դրանցից ամենաառանձնահատուկները, այդ հատուկ օրերի հետ կապվող դեպքերն ու զգացմունքները, որոնց ուղեկցում են ապրածդ օրերի արդյունքում հավաքած գիտելիքներդ ու փորձիդ պաշարը: Մարդու փորձի և իմացածի հարստությունը քաղած դասերի և ապրած օրերի բազմազանության արդյունքն է: Իսկ թե ինչպես կնայենք աշխարհին՝ պայմանավորված է սերտած «դասերի» խորությամբ, որոնք մենք ստանում ենք ներսում՝ ընտանիքում, և դրսում՝ ամենուր: Օր 1՝ ընտանիքում Ցերեկվա երկուսն է: Խաղից հոգնած՝ մտնում եմ տուն: Սոված եմ: Չգիտեմ, թե մայրս երբ է բոստանից վերադառնալու: Հայրս մեքենայի վրա գործ է անում․ դեռ հաց չի կերել: Եղբայրս միացել է հորս: Խոհանոցի սեղանին՝ սրբիչի տակ, հաց է դրված ու մի կես կտոր պանիր: Առանց լվացվելու վերցնում եմ հացը և սկսում ուտել: Կեսից հագենում եմ ու ուտելիքիս մնացած մասը թողնելով սեղանին՝ վերադառնում իմ խաղին: Ժամը չորսն է: Բոլորն ավարտել են իրենց գործերը: Գալիս են ճաշելու: Ես ևս միանում եմ նրանց, չնայած որ այդքան էլ քաղցած չեմ: Նստում ենք սեղանի մոտ: Սեղանին այդքան էլ շատ մթերք չկա․ մեր բոստանի բանջարեղենն է, իմ թողած հացն ու պանիրը և կանաչի: Մայրս բարձրացնում է սրբիչը, այնուհետև՝ սկսում բաց ու խուփ անել պահարանի բոլոր դռները․ երևի հացի մյուս կեսն է փնտրում: Իսկ ես նայում եմ, փորս գրկում ու լուռ չարախնդում: Հայրս նկատում է մորս անհանգիստ շարժումները, իմ դեմքի արտահայտությունը և իրավիճակն իր ձեռքը վերցնում: – Նաիրա, արի, եթե հացի կեսն ես փնտրում, ես տեղը գիտեմ, – ասում է ու ձեռքով ցույց տալիս ինձ: Մայրս մեղադրող հայացքով նայում է ինձ․ – Հիմա սրանով յոլա գնացեք, լավ է՝ գոնե խմորն արդեն հունցել եմ: Հայրս նայում է ինձ ու ասում․ – Մի սրտնեղիր, այ Նաիրա, երեխան սոված է եղել ու չորս հոգու հացը միայնակ է կերել: Որ մեծանա, խելքը կկտրիի:- Ես ու եղբայրս ծիծաղում ենք: * Այս դեպքի ժամանակ վեցից յոթ տարեկան էի: Հիմա եմ հասկանում, որ կերածս հացը նախատեսված էր ոչ թե մեկ, այլ չորս հոգու համար: Այդ օրվանից հետո, սակայն, հացը ուտելիս մտովի ընտանիքիս անդամների քանակին էի բաժանում, որովհետև երբ կարողանում ես կիսել ունեցածդ, խիղճդ հանգիստ է լինում: Հիմա մտածում եմ՝ ինչեր չեն կիսում հասարակությունները․ դե մի ընտանիք էլ դա է: Ու այդպես էլ չեմ հասկանում: Օր 2` դպրոցում Շտապում ենք հայոց լեզվի դասին: Դասընկերներիցս մեկն ուրախացած վազում է ընդառաջ ու հայտնում, որ ուսուցիչը հիվանդացել է․ դաս չկա: Նույն պահին էլ հենց ոգևորությունը մարում է, քանի որ ուսուցչանոցից կարգադրում են ժամը չկորցնել և մյուս դասարանի հետ գնալ ֆիզկուլտուրայի դասին: Մյուս դասարանի աշակերտներն արդեն խաղադաշտում են: Որոշում ենք «Դրոշակ» խաղալ: Դասարանով մտածում ենք, որ սա լավ առիթ է նախորդ պարտության վրեժը լուծելու համար: «Մենք» ընտրում ենք կարմիր դրոշը, «նրանք»՝ կապույտը: Յուրաքանչյուր թիմ դրոշը տեղափոխում է իր կիսադաշտի վերջը ու մարտական դիրք ընդունում: Խաղը սկսվում է: Պիտի փորձենք անցնել «Նրանց» կիսադաշտն ու խլել նրանցից խաղի ընթացքում ամենաթանկը՝ դրոշը: Միայն այդ դեպքում կհաղթենք: Բազմաթիվ փորձերից հետո աղջիկներից մեկին հաջողվում է անցնել «հակառակորդի» սահմանը, սակայն միանգամից երկու հոգով հարձակվում են նրա վրա ու տապալում: Խաղը միանգամից ընդհատվում է, որովհետև «Նրանք» վնասել էին մեր թիմակցին՝ «Մեզ»: Կռիվ է սկսվում: Ուսուցիչը փորձում է հանդարտեցնել «երկու կողմերին»: Չստացված խաղից հետո, բոլորս ծեծված ու փոշոտ վերադառնում ենք տուն: * Այս խաղին բազմաթիվ այլ խաղեր են հաջորդել ու նախորդել, բայց մեր երկու դասարանները միշտ եղել են «հակառակորդներ», խաղի տարբեր կողմեր: «Մենք» խաղերի ժամանակ «պայքարել» ենք «Նրանց» հաղթելու համար, իսկ «Նրանք»՝ «Մեզ»: «Մենքը» ու «Նրանքը» բոլորիս կյանքից է: Երբ շատ փոքր ես, «հակառակորդդ» եղբայրդ ու քույրդ են, դպրոցում՝ զուգահեռ դասարանները, մի փոքր էլ ես մեծանում՝ «հակառակորդդ» քեզնից տարբեր այլ խմբերն են, իսկ վերջում՝ սեփականիցդ տարբեր հասարակությունները: Մենք չենք դադարում մրցել․ ներսում լինի, թե դրսում: Իսկ հետո մրցում են կառավարությունները, հասարակությունները, քաղաքակրթությունները: Ու սկսվում են պատերազմները: Օր 3` Տանը Շաբաթ-կիրակի է: Համալսարանում դաս չկա: Վերադարձել եմ տուն: Մայրս ընթերցում է, հայրս՝ եղբորս հետ շախմատ խաղում: Մտնում եմ հյուրասենյակ այն պահին, երբ հորս թագուհին «շախ» է հայտարարում եղբորս արքային: Եղբայրս տաքանում է ու ջղաձգում դեմքը: Նստում եմ սեղանի մոտ․ – Դե, չեք կարողանում էլի առանց մրցելու ապրել: Հայրս ժպտում է․ – Ինչի, դու կարողանու՞մ ես: Քչախոս մայրս գիրքը ցած է դնում՝ սպասելով մեր խոսակցության զարգացմանը: – Չէ՛, մտածում եմ էլի՝ եթե մի օր բոլորս դադարեինք մրցել, երևի կտիրեր համընդհանուր խաղաղություն: – Բայց եթե չմրցեինք, հեռախոսը կամ ինտերնետը կստեղծվեի՞ն կամ ինքնաթիռը: Էլ չեմ ասում, որ տիեզերքը չէր բացահայտվի: – Դե եթե ինքնաթիռը չլիներ, գյուղերը չէին հրետակոծվի: Իսկ եթե մի օր տիեզերքում էլ աստղային պատերազմներ սկսվե՞ն: – Շատ ես ֆիլմեր նայում,- ծիծաղելով միջամտում է եղբայրս: – Չեն սկսվի, եթե մրցելուն զուգահեռ բարիք գործելը չմոռանանք: – Հիմա ձեր շախմատի բերած բարիքը ո՞րն է: – Էն, որ եղբորդ սովորեցնում եմ դիմակայել ու հաղթահարել սեփական զգացմունքները: Չես նկատու՞մ, որ լավ խաղալուց զատ, նաև սկսել է քիչ բարկանալ, իսկ պարտվելիս էլ՝ չի գոռգոռում: – Իսկ ղեկավարներն էլ են շախմատ խաղու՞մ: – Ինչու՞ ես հարցնում: – Դե, եթե դու Հովիկին ես սովորեցնում, ուրեմն ղեկավարներն էլ հասարակություններին պիտի սովորեցնեն, չէ՞: – Ղեկավարների սովորեցրածը կարևոր է, բայց եթե ուզածդ համընդհանուր խաղաղությունն է, ուրեմն առաջինը դու ինքդ պիտի սովորես: * Մեր զրույցի վերջը չեմ հիշում, բայց գիտեմ, որ կարևորն իրականում ներքին խաղաղությունն է: Մենք սովոր ենք խաղաղությունը մեր տներից, սահմաններից ու հասարակություններից դուրս որոնել, բայց այն սկսվում է մեր ներսից: Եթե տանդ կամ ներսումդ խաղաղ չես, խաղաղություն չես կարող տարածել: Խաղաղ չի լինի ոչ տունդ, ոչ շրջակայքդ, ոչ էլ երկիրդ: ՄԱՐԻԱՄ ՔԱՐԱՄՅԱՆ  Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
20-12-2019 21:49