Տարեց վարորդին ծեծողի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին

27-12-2019 19:35

ՀՀ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժինը վարույթ է ընդունել տաքսու վարորդի նկատմամբ խուլիգանական դրդումներով բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցված քրեական գործը: «Քրեական գործի շրջանակներում 48 ամյա տղամարդն ունի կասկածյալի դատավարական կարգավիճակ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին»,- գրել է Հարությունյանը: Երևանի Պռոշյան փողոցում վթարից հետո Mercedes G-ի վարորդի կողմից տաքսու տարեց վարորդին ծեծի ենթարկելու փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաեւ ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով): Դեկտեմբերի 26-ին համացանցում տեսանյութ էր հրապարակվել, որում Mercedes մակնիշի ավտոմեքենայից իջնող տղամարդը ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնում տաքսու վարորդ տարեց մի տղամարդուն: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկել ու պարզել Mercedes-ի վարորդի ինքնությունն ու գտնվելու վայրը: Դեկտեմբերի 27-ին Երևանի բնակիչ, 48-ամյա տղամարդը հայտնաբերվել է ու մեքենայով հանդերձ բերման ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին: Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Lragir.am,
27-12-2019 19:35