Ալլան ու Ղարաբաղի ամենահամեղ թեյը

28-12-2019 21:32

Այս պատմությունները ստեղծվել են «Երիտասարդների դերը խաղաղարարության մեջ․ վերաիմաստավորելով խաղաղությունը սերունդների միջև երկխոսության միջոցով» ծրագրին մասնակցած երիտասարդների կողմից, ովքեր շրջել են Ղարաբաղի տարբեր բնակավայրերում և զրուցել պատերազմը վերապրած մարդկանց հետ: Պատմությունները նրանց լսածի և սեփական փորձի համադրության արդյունքն են: Ղարաբաղի՝ խոտաբույսերով թեյը խմած կա՞ք: Այստեղ թեյը կարող են պատրաստել միանգամից մի քանի տասնյակ խոտաբույսեր օգտագործելով: Բայց Ղարաբաղի ամենահայտնի թեյը պատրաստում են ուրցից: Խորթնավ չայը (բրբ․ ուրցով թեյ) միայն ուրցից չէ պատրաստված: Դրան այլ բաղադրիչներ են ավելացնում, որն ըմբոշխնելուց հետո ներքուստ ջերմանում ես: Ընդհանրապես, Ղարաբաղում թեյ շատ են խմում, բայց ամենահամեղ թեյը պատրաստում է Ալլան: Ասկերանում էլ իր տան տարածքում սրճարան է բացել, ուր ցանկացած այցելու կարող է փորձել նրա ձեռքով պատրաստված թեյը: Ալլան թեյ նաև վաճառում է: Սակայն Ղարաբաղում նրան միայն թեյի համար չէ, որ ճանաչում են: Ալլան պատերազմի ժամանակ կռվել է՝ բուժքույր է եղել, հետո տեղափոխվել տանկային ջոկատ: Նրա ողջ գերդաստանը մասնակցել է պատերազմին: Ալլան իրենց ազգում ավագ երեխան է եղել, ու քանի որ սովորական փափկասուն աղջիկ չի եղել, մեծ հեղինակություն է վայելել նաև տղա երեխաների շրջանում: Պատերազմի սկսելուց հետո էլ երկար չի մտածել ու միացել է եղբայրներին: Ալլան շատ բան է տեսել՝ զոհերից մինչև ավերակ տներ: Սակայն նրա պատմությունները ընկերության ու սիրո մասին են: Երբ Ալլային հյուր ես գնում, ծանոթ լինես, թե անծանոթ, միշտ իր հավաքած բույսերից թեյ է հյուրասիրում: Դա սովորական թեյ չէ, այլ Ալլայի կյանքի պատմությունը: Դրա համար էլ երևի մեկ ումպում ամեն տեսակ երանգ կա: Ալլան Բաքվում է ծնվել: Իր մանկության մի մասն ացնել է այնտեղ: Ու քանի որ մանկությունն անհոգ է եղել, թեյն էլ սկզբում քաղցր համ ունի: 1971 թվականին Ալլայի ընտանիքը վերադարձել է Ղարաբաղ՝ Ասկերան, ու կյանքն այստեղ այլ հունով է գնացել: Ասկերանում նա գինու գործարանի պահեստապետ է աշխատել: Այդ տարիներին կնոջը այդպիսի գործեր սովորաբար չէին վստահում, սակայն սա այլ դեպք էր: Ալլան հպարտ մարդ է ու նրա պատրաստած թեյը իր հպարտության նման թանձր է: Հենց հպարտությունն էլ նրան տարբերում էր շատերից: Ու նույն հպարտության համար Ալլան մեծ համբավ ուներ թե՛ հայերի, թե՛ ադրբեջանցիների շրջանում: Հպարտությունից զատ, Ալլան նաև ըմբոստ է: Երևի հենց դա է պատճառը, որ նրա պատրաստած թեյը քիմքին միանգամից չի տրվում: Այն սովորական պարզ համ չունի, ուստի համի զգայարաններդ սկզբում դիմադրում են, սակայն Ալլայի թեյը իր պես անկոտրում պայքարող է: Դրա համար էլ զգայարաններդ ի վերջո տեղի են տալիս, իսկ հետո թեյից կտրվելն անհնար է դառնում: Այդպես եղել է նաև պատերազմում: Երբ պատերազմը սկսվել է, գերդաստանի կանայք ավել գդալ ու շերեփ են վերցրել, որպեսզի ընտանիքի անդամների սովորական չափաբաժնից ավելի շատ (հնարավորինս շատ զինվորների համար) ճաշ եփեն, իսկ Ալլան վերցրել է ինքնաձիգն ու միացել իր եղբայրներին․ նրանք բոլորն էլ գնացել են դիրքեր: Ալլան նաև անվախ ու ամուր է եղել: Դեռ մինչև պատերազմը իր տան մահճակալի տակ զենքեր է թաքցրել՝ առանց վախենալու, որ իրեն կստուգեն: Նրան անգամ սպառնացել են Շուշիի բանտ տանել, բայց Ալլան չի դադարել հետևել իր գաղափարին: Պատերազմն Ալլայի կյանքը դառնացրել է, որովհետև իր հարազատներից շատերի մահին է առերեսվել: Իսկ թեյը․․․ Ալլայի պատրաստած թեյն էլ յուրահատուկ դառնություն ունի: Չգիտեմ՝ ինչ խոտաբույս է օգտագործում, բայց նրան ճանաչողն ու պատմությունն իմացողը կհասկանա, որ դա պատերազմի համն է: Պատերազմի դառնությունը, սակայն, Ալլային մի նվեր է թողել․ ընկերները: Ասկերանում բոլորը գիտեն, որ ընկերությունն Ալլայի համար վեր է ամեն ինչից: Երբ սկսում է ընկերներից խոսել, ոգևորվում է, հպարտությունը գլուխ է բարձրացնում: Պատմում է, որ մի անգամ ընկերներից մեկը զանգահարել ու ասել է, թե մարդ է սպանել ու չգիտի, թե դիակը որտեղ թաքցնի: Ալլան, դա լսելով, ամեն ինչ թողել ու վազել է ընկերոջն օգնելու: Սակայն տեղ հասնելուն պես պարզել է, որ միակ սպանվածը նապաստակն է եղել, իսկ իրեն խաբել են՝ հաստատ իմանալով, որ օգնության է հասնելու, բայց իրականում ցանկացել են խորոված հյուրասիրել․ դե Ալլան նապաստակի միս շատ է սիրում: Նա վստահ է, որ ընկերների համար ամեն ինչի պատրաստ ու անձնազոհ մարդիկ են կյանքի գույները ջերմացնում: Այս դեպքի մասին լսելուց հետո Ալլայի թեյի դառնությունը չքանում է ու նոր, ավելի հարուստ համի է վերածվում: Հետո նա թեքվում է ինձ ու հարցնում․ – Դու էդպիսի ընկերներ ունե՞ս, որ գիշերը ժամը մեկին կանչեն սպանվածի դիակը թաքցնելու, ու առանց մտածելու վազես: Դիակ թաքցնելը ծայրահեղ է, բայց ես սկսում եմ մտածել ընկերներիս մասին: Փորձում եմ մտաբերել բոլորին ու տեսնել, թե ով ինչի պատրաստ կլինի: Վերջում հասկանում եմ, որ Ալլայի նման ընկերներ ունեցողները երևի իսկապես բախտավոր են: Ալլան նաև չի սիրում պարտքի տակ մնալ: Նա հպարտանում է, որ ոչ մեկին պարտք չէ, վարկեր չունի: Դրա փոխարեն շարունակում է ստեղծել նորը, բարեկարգել շրջակայքը: Ալլան ստեղծարար մարդ է: Իր սրճարանն ու տունը սեփական ձեռքերով է սարքել: Ու երբ խաղաղությունից ես խոսում, ինքն էլ տան վերանորոգումից է պատմում: Ալլայի համար խաղաղությունը հանգիստ խղճով տունը նորոգելն է՝ առանց վախենալու, որ ռումբերի պայթյունից տան պատերը մի օր փոշի կդառնան: Բայց Ալլան լավատես է: Գիտի, որ այդպես չպետք է լինի: Ու չի լինի․․․ Ալլայի կերպարն ամբողջացնողը սերն է: Եթե չսիրես, չես կարողանա ստեղծել, իսկ Ալլան շատ բան է ստեղծել: Նա նաև մայր է: Նրան լսելիս, ամեն անգամ զարմանում եմ, որ մի քանի տարեկան դստերը՝ հենց իր ստեղծած կյանքը, թողել է տանը ու մեկնել այլ կյանքեր փրկելու: Երբ ուշադիր լսում ես Ալլայի պատմությունը, հասկանում ես, որ նրա շարժիչ ուժը հենց սերն է: Ինքն իր ստեղծածը փրկելու ու պաշտպանելու համար է կռվել: Դրա համար էլ հաղթել է մահվանը ու վերադարձել, որովհետև մահին միայն սերն է հաղթում: Ալլան շատ բաներ մայրական սիրով է սիրում՝ դստերը, իր տունը, ընտանիքը, հարևաններին, քաղաքը, հայրենիքը․․․․ Հետաքրքիր է չէ՞, որ Ալլայի թեյն ու սրճարանը «Մայրիկ» է կոչվում: Ալլայի սրճարանից դուրս գալիս ու նրա եփած թեյից հետո պարզություն, հանգստություն ու հանդարտություն ես զգում, որովհետև անկախ իր տեսածից, լսածից ու պատմածից, Ալլան սիրել ու հանդարտեցնել գիտի: ԷՐԻԿ ԼԱԼԱՅԱՆ Պատմությունները ստեղծվել են «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում` Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Պատմությունների բովանդակության համար պատասխանատու են հեղինակները: Բովանդակությունը կարող է չհամընկնել Եվրոպական միության և ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՀՀ-Հայաստանի, ԵՀՀ-Ադրբեջանի, «Ինթերնեյշնլ ալերթ»-ի և ՀՌԿԿ-Վրաստանի տեսակետների հետ:

Lragir.am,
28-12-2019 21:32