Արսեն Թորոսյանը Մարալիկի ծննդատան փակման մասին

09-01-2020 13:43

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Մարալիկի ծննդատունը փակելու որոշմանը, ինչը հարուցել է բնակիչներիի բողոքը: Երեկ մարդիկ ի նշան բողոքի ճանապարհ էին փակել: «Մենք 2018 թվականի կեսերից որոշեցինք վերանայել ՀՀ-ում ծննդօգնություն մատուցող բոլոր կազմակերպությունների կարգավիճակը: Ժամանակին տրվում էին նախարարի հրամաններ՝  կարգերի շնորհման՝ առաջին, երկրորդ, երրորդ, որոնց տակ ոչ մի հիմնավորում չկար: Այսինքն՝ Երևանում կար ծննդատուն, որ էլի ուներ տարեկան մոտ 200 ծնունդ ու ուներ երրորդ կարգ: Իսկ այդ կարգերը ենթադրում էին նաև ֆինանսական փոխհատուցման տարբերություններ, այսինքն՝ երրորդ կարգի ծննդատունը ավելի շատ գումար էր ստանում, քան առաջին կարգի»,- ասաց նախարարը: Թորոսյանի խոսքով՝ ծնունդների թիվը ուղիղ համամետական է այդ ծառայությունների մատուցման որակի հետ: Եվ եթե որևէ ԲԿ-ում տարեկան կատարվում է հազար վիրահատություն, և կա մեկ այլ ԲԿ, որտեղ կատարվում է նմանատիպ հարյուր վիրահատություն, ապա միանշանակ է, որ հազար վիրահատություն կատարող ԲԿ-ում ծառայություններն ավելի որակյալ են, մահացության դեպքերն ու բարդություններն ավելի քիչ են: Հետևաբար, նույնը ուղղակիորեն կիրառելի է ծննդօգնության վրա, որտեղ կա երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունը: «Եվ այդ սկզբունքից ելնելով՝ որոշվեց, որ ամենացածր շեմը դրվելու է 150 ծնունդ: Եվ մեկ բացառություն էինք ընդամենը գրել, որ աշխարհագրական անհասանելիության դեպքում, այո, մենք կարող ենք թույլ տալ, որ 150-ից ցածր լինի: Դա երեք կետի էր վերաբերում՝ մեկը Բերդն էր, մյուսը՝ Ճամբարակը, երրորդը՝ Մեղրին: Մնացած բոլոր դեպքերում հաշվարկվել են մոտակա ծննդատներ հասնելու թե ժամանակը, թե ճանապարհը: Եվ այն բոլոր դեպքերում, որոնց համար այս տարի որոշում է կայացվել, այդ հասանելիությունն ապահովված է: Եվ այդ 20 կամ 30 կմ-ն ավելի հեշտ հաղթահարելի են, քան մի բարդ դեպքում երեխայի կյանքը փրկելը»,- ասաց նա: Արսեն Թորոսյանը հավելեց, որ այս բոլոր գործողությունները պետք է դիտարկել միայն մանկական ու մայրական մահացությունները կանխելու տեսնակյունից, այստեղ որևէ ֆինանսական տնտեսում չի լինում, որովհետև այդ գումարները տրվելու են այլ ԲԿ-ի՝ բնակչությանը սպասարկելու համար: Նա ասաց, որ ճանապարհ փակողները միգուցե տեղեկատվության պակասի հետևանքով ենք դիմել նման քայլի: «Մենք պատրաստ ենք նրանց բացատրել, որ սա հենց իրենց շահից է բխում, ոչ թե իմ: Սա իմ անձնական որոշումը չէ, սա երկար պորցեսի արդյունք է: Կա բժշկի բացակայություն, ծնունդների թվի իջեցում, շենքային վատ պայմաններ, այդ ամենը հաշվի է առնվել»,- ասաց Թորոսյանը:

Lragir.am,
09-01-2020 13:43