Հայերի նկատմամբ ատելության արմատավորումը Ադրբեջանում պետական քաղաքականության մակարդակի է. Արցախի ԱԳՆ

13-01-2020 13:22

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Բաքվում հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ: «Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը: 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի: Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական կերպով տուն առ տուն քաղաքը «զտել» հայերից: Բացառիկ դաժանությամբ իրականացված վայրագությունների և սպանությունների մասին բազմաթիվ վկայություններ կան: Նրանք, ում հաջողվել է խուսափել մահից, ենթարկվել են բռնի տեղահանման: Հազարավոր հայեր լաստանավերով Կասպից ծովով տեղափոխվել են Թուրքմենական ԽՍՀ Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ, այնտեղից էլ ինքնաթիռներով՝ Հայաստան և Ռուսաստան: Ջարդերը շարունակվել են մի ամբողջ շաբաթ՝ Ադրբեջանի իշխանությունների, ներքին զորքերի և Խորհրդային բանակի Բաքվի բազմաքանակ կայազորի հանցավոր անգործության պայմաններում: Հունվարի 18-ին Բաքվում հայկական ջարդերի, ինչպես նաև Շահումյանի շրջանի հայկական գյուղերի և Գետաշենի վրա հարձակումների կապակցությամբ Եվրախորհրդարանն ընդունեց «Հայաստանում իրավիճակի մասին» բանաձևը, որը կոչ էր անում ԽՍՀՄ իշխանություններին ապահովել Ադրբեջանում ապրող հայերի գործուն պաշտպանությունը՝ իրավիճակին միջամտելու համար զորք մտցնելու միջոցով: Միայն 1990 թ. հունվարի 20-ի գիշերը Ադրբեջանական ԽՍՀ մայրաքաղաք մտցվեցին Խորհրդային բանակի ստորաբաժանումները, որոնք, հաղթահարելով ԱԱՃ զինված ջոկատների կատաղի դիմադրությունը, կանգնեցրին ջարդերը: 1988 թ. փետրվարից Ադրբեջանում իրականացված ջարդերի, տեղահանությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ այլ հանցագործությունների շարքում Բաքվի ջարդերը դարձան հայկական բնակչության դեմ իրագործված ամենաարյունալի զանգվածային հանցագործություններից մեկը: Ըստ տարբեր տվյալների՝ ջարդերի արդյունքում սպանվել է 150-300 մարդ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է ադրբեջանական իշխանությունների կողմից ցեղասպան գործողությունների շարունակական ժխտումը և դրանք իրականացնողների հերոսացումը, ինչը դարձել է Բաքվի՝ քսենոֆոբիայի և հայատյացության քարոզչության քաղաքականության բաղկացուցիչ մասը: Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի և ներթափանցել այդ երկրի հանրային կյանքի բոլոր ոլորտները՝ զգալի փոփոխություններ առաջացնելով ադրբեջանական հասարակության գիտակցության մեջ: Ադրբեջանում հայերի հանդեպ ատելության խնդիրը հասել է այնպիսի ծավալների, որ դարձել է տարածաշրջանային կայունության և անվտանգության դեմ ուղղված սպառնալիքների հիմնական աղբյուրներից մեկը: Այդ բացասական գործընթացները հաղթահարելու և Ադրբեջանում քսենոֆոբիայի խնդրի առավել վատթարացում թույլ չտալու համար անհրաժեշտ է միջազգային հանրության աջակցությամբ համալիր միջոցներ ձեռնարկել, ինչը թույլ կտա ադրբեջանական հանրությանը ձերբազատվել իշխանությունների կողմից արմատավորվող մարդատյաց նորմերից և կոմնորոշիչներից: Հայերի հանդեպ ատելության բազմամյա քարոզչության պատճառով երևան եկած բացասական երևույթներն արամատախիլ անելու գործընթացում կարևոր քայլ կարող է դառնալ ադրբեջանական իշխանությունների կողմից պատասխանատվության ստանձնումը՝ հայկական բնակչության նկատմամբ իրականացված զանգվածային հանցագործությունների, այդ թվում՝ Բաքվի ջարդերի համար: Դա ոչ միայն թույլ կտա առողջացնել իրավիճակն Ադրբեջանում, այլև հնարավորություն կտա նախադրյալներ ստեղծել տարածաշրջանում ամուր խաղաղության հաստատման համար»:

Lragir.am,
13-01-2020 13:22