Քննարկվել են հայ-չեխական տնտեսական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցեր

14-01-2020 17:56

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն և Հայաստանում Չեխիայի դեսպանության առաջին քարտուղար Յան Պլեշինգերին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-չեխական համագործակցության հեռանկարները: Մասնավորապես զրույցի առանցքում հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի առաջիկայում կայանալիք հերթական նիստի նախապատրաստմանը վերաբերող հարցերն էին: Վարոս Սիմոնյանը, ով հանդիսանում է նաև հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահը, ողջունելով հյուրերին՝ համոզմունք է հայտնել, որ հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը նոր հեռանկարներ կբացի փոխշահավետ համագործակցությունը խորացնելու համար: Էկոնոմիկայի փոխնախարարը նաև  գոհունակություն է հայտնել Չեխիայի կողմից Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը վավերացնելու առիթով: Շնորհակալություն հայտնելով Վարոս Սիմոնյանին հանդիպման համար, դեսպան Բեդրիխ Կոպեցկին առաջարկել է հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստն անցկացնել մարտին՝ նշելով, որ այդ ժամանակահատվածում նախատեսվում է Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Ռադեկ Վոնդրաչեկի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Նա հավելել է, որ պատվիրակության կազմում կընդգրկվեն գործարարներ, ինչը թույլ կտա կազմակերպել նաև B2B ձևաչափով հայ և չեխ գործարարների հանդիպումները: Չեխիայի դեսպանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովի չեխական կողմի համանախագահը Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Մարտինա Տաուբերովան է: Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են մեկնարկել հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի նախապատրաստական աշխատանքները:

Lragir.am,
14-01-2020 17:56