Երևան-Թեհրան չվերթը կայացել է ժամանակին. ավիաընկերությունը վերսկսում է այդ ուղղությամբ թռիչքները

14-01-2020 18:43

Երևան- Թեհրան չվերթը հունվարի 14-ին կայացել է ժամանակին՝ ըստ պլանավորածի: Armenia Airways ավիաընկերությունը կշարունակի իրականացնել այդ ուղղությամբ նախատեսված չվերթները: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ավիաընկերության աշխատակիցը: «Չվերթն իրականացել է ըստ նախատեսվածի՝ ժամանակին, ինքնաթիռը Երևանից մեկնել է 12:00-ին և Թեհրանում վայրէջք է կատարել 16:10՝ ըստ պլանավորածի: Չվերթները շարունակելու ենք»,-տեղեկացրին ավիաընկերությունից: Հարցին, թե արդյոք այլևս վտանգներ չեն տեսնում, պատասխանեց՝ ավիաընկերությունը որոշել է, որ չվերթներն իրականացնելու է: Հաջորդ թռիչքը նախատեսված է հունվարի 15-ին: «Նկատի առնելով Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից արված վերջին հայտարարությունը Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքի օգտագործման վերաբերյալ՝ մեր ավիաընկերությունը դիմել է Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն և երաշխիքներ է ստացել Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքում թռիչքուղու անվտանգ շահագործման վերաբերյալ»,-նշել են ավիաընկերությունից: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքի չվացուցակի համաձայն՝ Երևան-Թեհրան հաջորդ չվերթը նախատեսված է հունվարի 15-ին ժամը 11:00-ին: Թեհրանից Երևան ժամանած ինքնաթիռը հունվարի 14-ին «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք է կատարել ևս ըստ նախատեսվածի՝ ժամը 16:06-ին: Հունվարի 15-ին նախատեսված է, որ Թեհրանից Երևան եկող ինքնաթիռը վայրէջք կկատարի ժամը 15:00-ին:

Lragir.am,
14-01-2020 18:43