Մերկելն անցել է գրոհի. ինչ է ասել Պուտինը

Գերմանիայի անվտանգության ծառայությունը հատուկ օպերացիա է իրականացրել մի քանի քաղաքներում: Հատուկ ստորաբաժանումները խուզարկություն են իրականացրել էթնիկ չեչենների բնակարաններում, որոնք կարող են կապ ունենալ իսլամական ծայրահեղական կառույցների հետ: Կա առնվազն մեկ ձերբակալված: Գերմանիայի հատուկ ծառայությունը իրականացված օպերացիան բացատրել է ահաբեկության վտանգի մասին տեղեկությամբ, հնարավոր ահաբեկությունը կանխելու նպատակով: Գերմանիայում բնակվող չեչենների դեմ Գերմանիայի անվտանգության ծառայության հատուկ օպերացիան հաջորդում է Ռուսաստանում Պուտին-Մերկել հանդիպմանը: Հունվարի 11-ին Մերկելը ժամանել էր ՌԴ նախագահի հետ մերձավորարեւելյան նոր իրավիճակը քննարկելու համար: Բաղդադում իրանցի գեներալ Սոլեյմանիի սպանությունից հետո Պուտինն այցելել էր Սիրիա, հետո Ստամբուլում հանդիպել Էրդողանին՝ բացել Թուրքական հոսք գազատարը, միաժամանակ փորձել պայմանավորվել Լիբիայի հարցում, թեեւ կարծես թե ապարդյուն: Արդյոք Պուտին-Մերկել քննարկման արդյունքում ՌԴ նախագահը տրամադրել է որոշակի տեղեկություններ: Բանն այն է, որ Չեչնիայի նախագահ Կադիրովը տարբեր առիթներով ակնարկել է, որ հասանելիություն ունի իսլամական ծայրահեղ կառույցներ եւ կարող է այնտեղ հարցեր լուծել անհրաժեշտության դեպքում: Մյուս կողմից, կարո՞ղ էր Գերմանիայում օպերացիան անակնկալ լինել՝ մի տարբերակով Կադիրովի համար, մեկ այլ տարբերակով՝ հարավոր է թե Կադիրովի, թե Պուտինի համար: Գերմանիայում ահաբեկության վտանգի տագնապով լայնամասշտաբ հատուկ օպերացիան Պուտին-Մերկել հանդիպմանը փոխհամաձայնությա՞ն, թե՞ անհամաձայնության ուղղակի կամ անուղղակի հետեւանք է: Ի դեպ, Բաղդադում իրանցի գեներալի դեմ ԱՄՆ հատուկ օպերացիային նախորդել էր տեղեկություն Ռուսաստանի Սանկտ-Պետերբուրգում կանխված ահաբեկության մասին, որի համար Պուտինը զանգահարել ու շնորհակալություն էր հայտնել ԱՄՆ նախագահին: Ըստ Ռոյթերզի, ԱՄՆ հատուկ ծառայության տրամադրած տեղեկությունը ՌԴ հատուկ ծառայությանն օգնել է կանխել տոնական օրերին Պետերբուրգում պատրաստվող ահաբեկությունը, ձերբակալելով երկու ռուսաստանցիների:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
14-01-2020 19:59