Էրդողանը առաջարկում է Պուտինին մեռնել Լիբիայում երկրորդ անգամ. Իսկ մե՞զ

Թուրքական սելի «հինգերորդ անիվի» դերը 2015-ին հապճեպ ստանձնած Ռուսաստանը հավանական է ատիպված լինի անցնել պատժի բոլոր իննը շրջանները: Դժվար է ասել՝ գահակալի անճարակությունը, ագահությունը, սնապարծությունը, թե այլ ո՞ր թուլությունն էր անկումի հիմքերի հիմքը: Ինչեւիցե, Ալիեւ-Նազարբաեւ զույգի միջնորդությամբ թուրքական «դաշույնը» մեջքին քորոց համարած Վլադիմիր Պուտինը առերեսվել է ալթայցիների խառնվածքի ամենաարմատական դրսեւորմանը: Su-24 եւ Su-25-ի սպանված օդաչուներն ու դեսպան Կարլովը էժան չեն նստելու: Համաձայն Bloomberg-ի, Թուրքիայի նախագահ Էրդողանը ասել է, թե Լիբիայի շուրջ սպասվող Բեռլինյան կոնֆերանսի նախօրեին Ռուսաստանի Նախագահ Պուտինի հերթն է իր «ներդրումը կատարել խաղաղության գործում»: Ակնարկը հետեւյալն է. Պուտինը ստիպված էր համաձայնել «Վագներ» ռուսական առերեւույթ մասնավոր զորախմբի ետքաշումին: Սա Էրդողանը պնդեց ռուս նախագահի հետ Ստամբուլում կայացած հանդիպման ընթացքում, «Թուրքական հոսքի» թողարկման դիմաց: Այժմ, Պուտինը պիտի ստիպի մայրաքաղաք Տրիպոլիից ետ քաշվել նաեւ ըմբոստ «Լիբիայի Ազգային Բանակի» հրամանատար Խալիֆա Հաֆթարին: Երեկ մարշալ Հաֆթարը Մոսկվայում էր իր արեւմտամետ ընդդիմախոսների հետ՝ ռուս եւ թուրք միջնորդ արտաքին գործոց եւ պաշտպանության նախարարների մասնակցությամբ բանակցություններին: Ռուսական հովանու տակ գտնվող Հաֆթարը հրաժարվել է ենթարկվել հրադադարի թուրքական թելադրանքին: Հիշեցնենք, որ թուրքական զորախումբը Էրդողանի հրամանով այս ամիս առափվել է օսմանյան նախկին աֆրիկյան տարածք՝ Լիբիա: Ռուսական նախագահի մերձավոր շրջանակում լայնորեն տարածված է այն կարծիքը, որ Լիբիայի նախագահ Մուամմար Կադդաֆիի տապալումն ու մահը մեծ ազդեցութւուն են գործել Վլադիմիր Պուտինի վրա: Սեփական անփառունակ վախճանի տեսիլը եւ ինքնահաստատման պահանջն էլ, իբր առաջնորդել են նրան դեպի Սիրիա: Սովետական կայսրության նախկին տարածքին տիրանալու փորձերի անհաջողությունը ստիպել է հայացքն ուղղել ավելի հեռուն: Բաշար Ասադի ռեժիմին թիկունք կանգնելու իրավունքի ու ռուսական երկու զորակայանների դիմաց մեկ այլ նախկին օսմանյան տարածք՝ Սիրիայի հյուսիսը Էրդողանին հանձնած Պուտինը, ենթարկվելով ծավալապաշտական տրամաբանությանը եւ Մուամմար Կադդաֆիի նվաստացման հոգեբանական գործոնին, որոշել է միջամտել Լիբիայում: Առիթ ունեցել ենք նշելու, որ ներքին քաղաքական խնդիրները դեպի դուրս ծավալվելու՝ ռուսական եւ թուրքական եղանակները էապես տարբերվում են: Տարբեր են լինելու եւ կարճաժամկետ հետեւանքները: Բանն այն է, որ Թուրքիան ծավալվում է էթնիկ կամ ազդեցության իմաստով կոմպլեմենտար, բարեհաճ միջավայրում: Ի տարբերություն Ռուսաստանի: Որը 1916-1917, 1919-1921, 1941-1945 թվականներին աջակցելով եւ մասնակցելով հայերի ցեղասպանությանը Անատոլիական Հայաստանում, Կիլիկիայում եւ Մեծ Հայրենականի մարտադաշտերում, «այրված հողի»՝ քաղաքակրթական վակուումի ընդարձակ գոտի է ստեղծել իր հարավային սահմանին: Իսկ վակուումի վրա հենվելն անհնար է: Լիբիան, առավելեւս, սկզբիցեւեթ կասկածելի ձեռնարկում էր թվում, եւ ձախողումը այնտեղ կարող է շղթայական էֆեկտ գործել: Կադդաֆիի հետ հոգեբանական «մահ» ապրած Պուտինին Էրդողանը այժմ պարտադրում է երկրորդ անգամ մահանալ: Վայրը անփոփոխ է՝ Լիբիա, ինչը սակրալ երանգներ է հաղորդում Կրեմլում տիրող իրավիճակին: Լիբիայի ճակատագրին նվիրված հունվար 19-ի Բեռլինի կոնֆերանսին Թուրքիան մասնակցելու է մեծ տերության կարգավիճակով: Սա Առաջին համաշխարհայինի արդյունքների բացահայտ սրբագրում է: Հաջորդը կարող է Լոզան 1923-ի որոշ դրույթները դառնան: «Տեսեք որտեղ էինք եւ ուր հայտնվեցինք», սիրում է կրկնել ճարտարախոս Էրդողանը: Համենայնդեպս կարճ ժամանակահատվածում դա անհերքելի է: Ընդ որում, դիվանագիտական հարթակի վրա, ինչը պատմական մնայուն հանգամանք է, Էրդողանը գերադասեց աճը արձանագրել հենց Ռուսաստանի հաշվին: Իսկ Ռուսաստանը հայերի դաշնակիցն է, եւ այդ երկրի առողջությունը ուղղակի ազդում է Հայաստանի վրա: Ավելին: Հայերի բնաջնջման՝ մեծհայքյան, կիլիկյան եւ բյուզանդական հայոց քաղաքակրթական լանդշաֆտը անապատի վերածելու՝ արեւմտյան, ռուսական եւ թուրքական ջանքերը հարյուր տարի անց ծանր վիճակ են առաջացրել առաջին հերթին մեզ՝ հայերիս համար: Միայն չեզոքությունը նման վերիվայրումների պարագային բավարար չէ: Կոմեդիան ավարտվել է. Մարս մոլորակի բնակիչ ներկայանալու մեր զավեշտալի ճիգերը նշանակություն չունեն շրջապատի համար: Զտարյուն շնաբուծության, առաջադեմ պատանեկության անկեղծության, քաղաքացիական եւ սպայական պատվի նրբերանգների մասին արքունական բանավեճը հազիվ թե տեղին է այս պայմաններում:

ՊԱՎԵԼ ԴԱԼԼԱՔՅԱՆ, Քաղաքական մեկնաբան, Մոսկվա
14-01-2020 20:22