ԱՄՆ-ն ընդլայնել է Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները

14-01-2020 21:30

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել հյուսիսկորեական Namgang Trading Corporation և չինական Beijing Sukbakso ընկերությունների դեմ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է նախարարության տարածած հայտարարությունում: ԱՄՆ-ի` Հյուսիսային Կորեայի սև ցուցակում ընկերությունները հայտնվել են այն պատճառով, որ, ըստ Վաշինգտոնի, դրանք զբաղվում են արտերկիր ոչ օրինական աշխատուժ արտահանելով: «Հյուսիսային Կորեայի կառավարությունը շարունակում է հյուսիսկորեական աշխատուժի ոչ օրինական արտահանումը` արտերկրում եկամուտ ստանալու ակնկալիքով, խախտելով ՄԱԿ-ի սահմանած պատժամիջոցները»,- նշված է ֆինանսների նախարարության հայտարարությունում: Ամերիկայի Միացյալ Նահանգների սև ցուցակում հայտնվելը ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նշանակում է ԱՄՆ-ում իրենց ակտիվների սառեցում և արգելք` ԱՄՆ քաղաքացիների և ընկերությունների համար այդ անձանց հետ բիզնես համագործակցություն սկսելու վրա:

Lragir.am,
14-01-2020 21:30