Բա սրա համար է՞ր հեղափոխությունը. երկու նշան

ՊԵԿ դիմաց բողոքի ակցիա են իրականացնում մի խումբ ավտոներկրողներ, որոնք դժգոհ են, որ 2019-ի դեկտեմբերի վերջին Երեւան հասած իրենց մեքենաների մուտքը երկիր չեն հասցրել իրականացնել 2019-ի կանոններով եւ պետք է անեն 2020-ի արդեն բարձրացված մաքսատուրքով եւ այլ կանոններով: Հետեւելով նրանց բողոքին, սպասում ես, թե ուր որ է կհնչի մոգական արտահայտությունը՝ «բա սրա համար էինք հեղափոխություն անում, որ տարին էլի սովորականի պես դեկտեմբերի 31-ին ավարտվե՞ր»: 2019 թվականին Հայաստան է ներկրվել մոտ 190 հազար ավտոմեքենա: Արդեն հայտնի է, որ Հայաստանի ԵՏՄ «մաքսային արձակուրդը» ստեղծել էր գրավչություն նաեւ ԵՏՄ այլ երկրներից սպառող ներգրավելու համար: Գերշահեկան դարձած բիզնեսը սակայն սահմանափակվում է 2020 թվականով, երբ Հայաստանի «մաքսային արձակուրդն» ավարտվում է: Դա հայտնի էր դեռեւս 2014-15 թվականներից, երբ Հայաստանը անդամակցեց ԵՏՄ-ին: Դրա մասին խոսվում էր անընդհատ, եւ առավել ինտենսիվ հենց 2019 թվականին, երբ բոլորը շտապում էին ներկրել արագ ու շատ, որովհետեւ 2020-ին շահավետ պայմանն ավարտվում էր: Պարզ տրամաբանությունը հուշում է, որ ավտոներկրողը այդ ռիսկից զերծ մնալու համար, պետք է իր ներկրումը կազմակերպեր այնպես, որ չմնար դեկտեմբերի վերջին, որովհետեւ կար չհասցնելու վտանգ, հետեւաբար ֆինանսապես տուժելու վտանգ: Սեփական սխալը փորձ է արվում փոխհատուցել պետական կարգի դեմ բողոքի հաշվին: Այդպիսի մի բան էլ աջ ղեկով մեքենաների պարագայում եղավ՝ 2018-ին: Գուցե ստացվի, ինչպես ստացվեց նրանց դեպքում: Բայց, ամբողջ հարցն այն է, որ այդօրինակ «ստացվումներով» ոչինչ չի ստացվի երկրի վերափոխման գործում, որովհետեւ այդ վերափոխումը պետք է սկսի իշխանության փոփոխությամբ, կառավարության փոփոխությամբ, սակայն շարունակվել կարող է միայն քաղաքացիների մտածողության, արժեհամակարգի, այդ թվում բիզնես մշակույթի, տնտեսվարման մոտեցումների, ձեւի, բնույթի փոփոխությամբ: Զուգահեռ, արդեն մի քանի օր Հայաստանում բողոքներ են մի քանի մարզային բնակավայրում ծննդատների փակման կապակցությամբ, թեեւ առողջապահության նախարարը կարծես թե բացատրեց, որ խոսքը փակման մասին չէ: Դրվում է պարզ խնդիր՝ ծննդատները բերել որոշակի չափանիշների՝ որակյալ ծառայություն ապահովելու համար, իսկ եթե չկա այդ չափանիշին համապատասխանություն, չկա նաեւ ծննդօգնության պետական պատվեր: Հարցը հասցվել է բողոքի եւ ընդհուպ արտագաղթա-ժողովրդագրական աղմուկի, երբ ծննդատների առկայությամբ է պայմանավորվում այդ բնակավայրերում քաղաքացիների մնալը եւ ապրելը: Սպասվում է մոգական խոսքը՝ «բա սրա համար էինք հեղափոխություն արել», որ թույլ չտրվի՞ անորակ ծննդատուն: Այն դեպքում, երբ որեւէ մարզային բնակավայրում ապրելու մոտիվը ծննդատան առկայությունը չէ, որ եղել է կամ պետք է լինի: Ապրելու մոտիվը պետք է լինեն գաղափարները, նախաձեռնությունները՝ բիզնես, հանրային, տարաբնույթ, որոնք կաշխուժացնեն կյանքը, կմոտիվացնեն մարդկանց: Այդ ամենին թե զուգահեռ, թե արդյունքում որակյալ առողջապահական ենթակառուցվածքը ինքնին կդառնա հասանելի՝ որեւէ տարբերակով: Կա՞ն այդ բնակավայրերում ապրող քաղաքացիների մոտ, կամ նրանց բողոքը Երեւանում գեներացնողների մոտ այդօրինակ գաղափարներ, նախաձեռնություններ, որոնց համար պայման կպահանջեն կառավարությունից: Ու՞ր են դրանք: Կա միայն ակադեմիականից ընդհուպ կենցաղային, կամ կենցաղայինից ընդհուպ ակադեմիական մակարդակի «նվնվոց»: Դա կար իհարկե հեղափոխությունից առաջ էլ, ու պետք է արձանագրել, որ այն խթանվել է նաեւ, ու գուցե առավելապես՝ հեղափոխությունից առաջ եղած ընդդիմություններով, ու ներկայում ընդգրկվել է հեղափոխությունից հետո ընդդիմությունների գործիքակազմ: Ու, այո, սրա համար է հեղափոխություն արվել՝ նաեւ սրա համար, որ առերեսվեն հեղափոխությունից առաջն ու հետոն նաեւ այդ իրողությունների ու հոգեբանության, ոչ միայն թալան-չթալանի իմաստով: Առերեսվեն, որպեսզի նաեւ դրա միջոցով բնականորեն, օբյեկտիվորեն հասունանա համընդհանուր գիտակցումը՝ որ ելքը լոկ կոռուպցիայի ցանցից դուրս գալը չէ, այլ նաեւ մտածողության շրջապտույտից դուրս գալը:

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
14-01-2020 23:27