Արսեն Թորոսյանը՝ ապօրինի որդեգրումների մասին

16-01-2020 00:55

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ապօրինի որդեգրությումների գործին: «Մենք մեր լիազորությունների շրջանակներում կանոնակարգում ենք ծննդօգնության ծառայությունների մատուցումը: Իհարկե, դրա մեջ նաև ներառում ենք այնպիսի գործընթացներ, որոնք կկանխարգելեն բուժաշխատողի և ապագա մոր կամ հարազատների միջև ոչ օրինական հարաբերությունները: Նաև հիմա փորձում ենք կանոնակարգել հետծննդյան այնպիսի դեպքերի վարումը, որոնք մինչ այս կասկածներ էին առաջացնում հղի կանանց մոտ, թե ուր է իրենց մահացած երեխայի դիակը: Այդ մասը կանոնակարգման առումով մի քիչ բաց էր, փորձելու ենք այնպես անել, որ թե ամեն ինչ պարզ լինի, թե ամեն ինչ լինի ծնողների համաձայնությամբ և թե նման կարգերը խախտելու դեպքում պատիժ լինի»,- ասաց Արսեն Թորոսյանը: Նա նշեց, որ գործի շրջանակներում կան դրվագներ, որ բուժաշխատողները դրդել են ծնողներին թողնել երեխաներին: Նախարարն ասաց, որ նաև բուժաշխատողների համար կրթական ծրագրեր կիրականացնեն: Նախարարը նաև անդրադարձավ հարցին, որ երեխաների ապօրինի որդեգրումների գործով կազմակերպված բուրգ է գործել: «Դրա մասին շատ է խոսվել, բազմաթիվ մարդիկ են ներգրավված եղել ըստ քրեական գործի նյութերի: Կարծում եմ՝ պետք է քննչական մարմինները, երբ գործն ամբողջությամբ կբացահայտեն, ներկայացնեն»,- հավելեց նա: Մանրամասները՝ տեսանյութում

Lragir.am,
16-01-2020 00:55