Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին

17-01-2020 20:16

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին: Ողջունելով անվանի աստղաֆիզիկոսին՝ վարչապետը տպավորիչ է որակել նրա գիտական գործունեությունը և հույս հայտնել, որ նա իր հարուստ փորձով և կառավարության հետ համատեղ նախագծերի կյանքի կոչմամբ կնպաստի Հայաստանում գիտության զարգացմանը: Գարիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին բարձր գնահատականի համար և պատրաստակամություն հայտնել՝ ակտիվ ներգրավվել մեր երկրում գիտության մասսայականացմանը միտված համատեղ նախաձեռնություններում: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանում այս տարի նախատեսվող STARMUS 6-րդ փառատոնի շուրջ, որի նպատակը երաժշտության, արվեստի միջոցով երիտասարդների համար գիտությամբ զբաղվելը գրավիչ դարձնելն է: Վարչապետը նշել է, որ կառավարությունը պատրաստ է հնարավորինս օժանդակել փառատոնի հավուր պատշաճի և  բարձր մակարդակով անցկացմանը: STARMUS փառատոնը միավորում է աշխարհահռչակ գիտնականների, տիեզերագնացների, երաժիշտների, Նոբելյան մրցանակի դափնեկիրների: Գարիկ Իսրայելյանը Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աստղաֆիզիկոս է:

Lragir.am,
17-01-2020 20:16